Արման Սահակյանը՝ վարչապետի հետ կոնֆլիկտի պատճառ դարձած նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն անդրադարձավ ամիսներ առաջ կառավարության նիստից հանված այն նախագծին, որը պատճառ էր դարձել նրա  և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև կոնֆլիկտի առաջացման համար:

Հիշեցնենք, որ նա ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում էր «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:

Վարչապետը զայրացել էր, որ գույքն օտարելու պատճառով բնակիչները պետք է դրսում հայտնվեին: «Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի: Այդ մարդիկ այնտեղ ապրո՞ւմ են: Բա հիմա ի՞նչ ենք անելու, նրանց գցելո՞ւ ենք փողոց: Հասկացա, որ պետական գույք է, պարտք են, բայց ինչ սոցիալական խնդիր ենք լուծում», – նշել էր նա ու հանել նախագիծն օրակարգից:

Այսօր կայացած ասուլիսին անդրադառնալով այդ տարածքի ճակատագրին, Արման Սահակյանը նշեց.

«Դա շենք չի եղել, դա սեփական տուն է, որտեղ ապրում է հինգ հոգուց բաղկացած ընտանիք: Այդ հարցը պետք է լուծում ստանա, որովհետև կա համապատասխան վճիռ: Նրանք վարկով գումար էին վերցրել, չեն վճարել, և այդ տարածքի իրավասությունն անցել է Ֆինանսների նախարարությանը: Օտարման շնորհիվ պետք է ստանան իրենց գումարները: Այնպես չէ, որ դուք այդ մարդկանց մասին ավելի շատ եք մտածում, քան ես», – պարզաբանեց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու այդ մասին չասեցիք կառավարության նիստում, նա  պատասխանեց «Լավ արեցի»: Նշենք, որ սա առաջին դեպքը չի եղել, որ վարչապետը հրապարակավ նկատողություն է արել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին: Այդ անգամ էլ պատճառը մեկ այլ նախագիծ էր դարձել:




Լրահոս