Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Վաղ առավոտյան Թեհրան-Երեւան-Լոնդոն տարանցիկ չվերթի ուղեւորներից մեկն իրեն անկարգ է պահել. աղմկել է, խանգարել ուղեւորներին ու չի ենթարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս ստիպված են եղել դիմել ՀՀ ոստիկանությանը: Արդյունքում հասարակական կարգը խանգարող քաղաքացուն ՀՀ իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ պարզելու, թե ինչն է նրա անհասկանալի վարմունքի պատճառը: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ տղամարդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Փորձեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկանալ, թե որն է եղել օտարերկրացու անկարգության պատճառը: ՀԿԼՎ-ից միայն հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ