Այս տարի Հայաստանի բուհեր է ընդունվել 12.108 դիմորդ, որոնցից 10.470-ը կսովորեն վճարովի համակարգում: Շիրակի մարզի պետական ուսումնական հաստատություններում այս տարի եւս առկա են մասնագիտական թափուր տեղեր, ինչը կարող է հանգեցնել ինչպես հաստիքների կրճատման, այնպես էլ որոշ բաժինների փակման: Ոլորտի մասնագետներն առկա վիճակը պայմանավորում են նաեւ արտագաղթի անհանգստացնող ցուցանիշներով: ԳՊՄԻ-ում, օրինակ, կան բավականին շատ թափուր տեղեր: Ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը նշում է, որ ունեցել են 71 պետպատվերի եւ 552 վճարովի տեղեր, բայց ընդունվել է 366 ուսանող. «Այսինքն՝ մոտավորապես 55 տոկոս: Ունենք թափուր տեղեր որոշ մասնագիտությունների գծով՝ քիմիա, ինֆորմատիկա, էկոլոգիա, իրավագիտություն»:
Թեեւ ուսանողների պակասը չի հանգեցնի բաժինների փակմանը, սակայն կադրային կրճատումներից խուսափել չեն կարողանա: Ռեկտորը վստահեցրեց, որ բուհի ֆինանսական խնդիրները չեն հանգեցնի նրան, որ բարձրացնեն ուսման վարձավճարները. «Թեեւ մեր բյուջեն ձեւավորվում է վճարովի համակարգի ուսանողների վճարների հաշվին, բայց պետք է աշխատենք, որ հնարավորինս կրճատումները լինեն մասնակի»:
ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղում 10 մասնագիտություններից միայն երկուսում են լրացել բոլոր տեղերը: Մյուսներում դարձյալ առկա են թափուր տեղեր: «Կան մասնագիտություններ, որոնցում մենք տարեցտարի չենք կարողանում ընդունելություն կատարել, եւ հիմա գիտխորհուրդը սկսել է լրջորեն քննարկել մասնագիտությունների թարմացման հարցը: Վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ ներկայում այդ մասնագիտությունները շուկայում պահանջված չեն»,-նշեց ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը:
Իսկ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սամսոն Դավոյանն արձանագրում է, որ բարձրագույն կրթության նկատմամբ տղաների հակումը նվազել է: Այս տարվա ցուցանիշները համեմատում է նախորդ տարվա հետ եւ շեշտում, որ հիմա տղաները գերադասում են կա՛մ արհեստ սովորել, կա՛մ ուսումը եզրափակել միջին մասնագիտական կրթությամբ:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ԿԳՆ տրամադրած տեղեկատվության՝ հուլիսի 15-20-ը դրական միավորներ հավաքած, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են բուհում նոր հայտ լրացնել եւ մասնակցել առկա թափուր տեղերի մրցույթին:
ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ