Այսօր Ազգային ժողովում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, անդրադառնալով տնտեսվարողների` հարկային մարմինների աշխատանքի հետ կապված դժգոհությանը, ասաց.
«Հարգելի՛ գործընկերներ, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հարկային մարմինների հետ հաճույքով են աշխատում: Չկա նման բան: Որևէ տնտեսվարող սուբյեկտ չի ցանկանում տեսնել հարկային տեսուչի, բայց պետությունն ունի իր գործառույթը: Ինչքան էլ, որ տնտեսավարող սուբյեկտները չուզենան առնչվել հարկային մարմինների հետ, պետական մարմինները պետք է իրականացնեն իրենց գործառույթները»,- ընդգծեց նա:
Միրումյանն անդրադարձավ նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքի արդեն երկրորդ անգամ հետաձգվելուն:
«Խնդիրը մի կողմից վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, որպեսզի ունենան ավելի սահուն գործընթաց, մյուս կողմից՝ մենք պետք է համոզված լինենք, որ խոսում ենք իրական շրջանառություն հայտարարագրած սուբյեկտների մասին. սա, բնականաբար, մեկ օրվա հարց չէ:
Մենք լուծման տեսակետից կանգնած ենք ոչ հեշտ խնդրի առջև: Մենք պետք է գտնենք այն ճիշտ սահմանագիծը, որ մի կողմից մեր ՓՄՁ-ների համար ստեղծենք նպաստավոր պայմաններ, իսկ մյուս կողմից պետությունն իր խնդիրը կարողանա հստակ կատարել»,- նշեց Միրումյանը: