Ոչ իշխանականներն ընդունեցին մեծամասնության առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց  5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը։ Այս անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց հանձնաժողովը կազմել 12 անդամից, ՀՀԿ՝ 6, ԲՀԿ՝ 2, մյուս խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ուրախ է, որ համագործակցության դաշտում գտնվեց լուծում և նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին:

Ներկայացված նոր տարբերակը հավանության արժանացավ ԲՀԿ խմբակցության կողմից, որի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նոր տարբերակը ողջունելի է, եթե, իհարկե, մոտ ապագայում այլ քաղաքական ուժեր իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեն:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ առաջարկեց, որպեսզի նիստերը լինեն դռնբաց և լրագրողները կարողանան հետևել ընդհուպ մինչև հաշվարկի բուն գործընթացը: Առաջարկը չընդունվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից:

Արդյունքում՝ 103 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Գ. Սահակյանն առաջարկել էր հանձնաժողովը կազմել 13 անդամից՝ ՀՀԿ՝ 7, ԲՀԿ՝ 2, իսկ մյուս պատգամավորական խմբակցություններից՝ մեկական ներկայացուցիչ։




Լրահոս