Հետախուզվում են Գլխավոր դատախազության նախկին դատախազի որդիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել 36-ամյա Գնել Խզարդյանի և 28-ամյա Լևոն Շահբազյանի նկատմամբ: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հենց Ոստիկանությունը հայտնաբերեց դատախազի որդիներին, նրանք տեղափոխվելու են “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ Գ. Շամշյանը հայտնել էր, որ երեք օր առաջ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 12.45-ի սահմաններում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով մի քաղաքացի էր տեղափոխվել:
Ոստիկանությունը պարզել էր, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Նորք 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 5/2 շենքի բնակիչ 52-ամյա Ռուստամ Արաբյանն էր, ով հրազենային վնասվածքն ստացել էր ձախ ոտքի շրջանում: 
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ռ. Արաբյանը մասնագիտությամբ թիթեղագործ-ներկարար էր և իր արհեստանոցն ունի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի վրա գտնվող նախկին բազալտի գործարանի հարակից տարածքում: Պարզվել էր, որ կրակոցները հնչել էին Ռ. Արաբյանի նշված արհեստանոցում, որտեղ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել և առգրավել էր 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և մեկ հատ 7.62 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ: 
Կրակոցներից մեկ ժամ առաջ, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Արաբյանի և մի քանի հոգու միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որից մեկ ժամ հետո վիճաբանողները վերադարձել և կրակոցներ էին արձակել: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ տուժողը ենթարկվել է վիրահատման և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոցում հավաքված քաղաքացիներն իրեն հայտնել են, որ կրակոցներն արձակել են ՀՀ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն ու նրանց ընկերները և հուսով են, որ Ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում կհայտնաբերի նրանց, և մեղավորները, անկախ նախկին և ներկա պաշտոնից ու դիրքից, պատասխանատվության կենթարկվեն։




Լրահոս