Այսօր Ինտերնետի համաշխարհային օրն է: “Հայաստանի ինտերնետ հանրություն” ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ օրվա մեջ երկիմաստություն կա: Իրականում համակարգչային ադմինիստրատորի օրն է, բայց քանի որ ադմիններն են պահպանում համակարգը, ուրեմն նաև ինտերնետի օրն է: “Հայաստանում ինտերնետի միացումը սկսվել է 1988-ից: Այն ժամանակ ինտերնետ չկար, այլ արձանագրություններով աշխատող ցանցեր էին, որոնք հիմա գոյություն չունեն: 1992-ին տեղադրվեցին մոդեմներ, որոնք այն ժամանակ շատ թանկ էին և օգտագործվում էին միայն կազմակերպությունների կողմից, իսկ am տիրույթը գործեց 1994 թվականից, և աստիճանաբար սկսեցին գրանցվել կայքեր”,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանում ամենաշատ ինտերնետ բաժանորդ ունի “Արմենտել” ընկերությունը՝ ավելի քան կես միլիոն բաժանորդ, մյուս ընկերությունները զգալիորեն զիջում են: Հայաստանում միջին հաշվարկով՝ մեկ բաժանորդին ընկնում է 3 մբ. վայրկյան ինտերնետ արագություն, մինչդեռ Ռուսաստանում այն 100 մբ. վայրկյան է: