«Պետք է սոցցանցում հայատառ գրելու մշակույթ ձևավորվի» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պետք է սոցցանցերում հայատառ գրելու մշակույթ ձևավորվի: Այսպիսի հայտարարությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ու տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Տեղեկացնենք, որ իրականացվում է նախաձեռնություն «Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր» անվանումով, որի հեղինակը Զոհրապ Եգանյանն է:

«2012 թվականին երբ այս նախաձեռնությունը ստեղծվեց, հենց այդ ժամանակ էլ IT ոլորտի մասնագետները նշեցին, որ սարքերը, որոնք մենք օգտագործում ենք, հայատառ գրելու հնարավորություն չունեն: Իսկ այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք հաջողություն նրանում, որ բոլոր սարքավորումներն ունեն հայատառ գրելու հնարավորություն»,- ասաց Զ. Եգանյանը:

Իսկ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ շատ լեզուներ ցանցի պատճառով կորչելու վտանգի առաջ են կանգնած:

«Գոյություն ունեն կառույցներ, որոնք պարտավոր են հայատառ գրել: Նախարարությունների մի մասն ինչ-որ տեքստեր են ուղարկում, որոնք վերծանման կարիք ունեն: Եթե ֆեյսբուքով գրելիս խոսքդ միայն մտերիմներիդ է ուղղված, կարող ես գրել լատինատառ, սակայն եթե այն բոլորի համար է, պետք է գրել հայատառ: Հաճախ գրում են լատինատառ` ասելով, թե հայատառ գրելու դեպքում հնարավոր է՝ սխալ լինի»,- հավելեց բանախոսը:

Ասուլիսի մասնակիցներն անդրադարձան նաև ԿԳՆ ենթակայության մաս կազմող Լեզվի պետական տեսչությանը, և որոշները վստահեցրին, թե այդ կառույցի առկայությունն անիմաստ և ապարդյուն է:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս