ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարո՛ն նախագահ,
ՀՀ հարկային համակարգը վերջին տարիներին բարեփոխումների փուլում է, սակայն  բովանդակային եւ որակական առումով գրեթե որեւէ փոփոխություն չի կրել: Հարկատուների հետ փոխհարաբերություններում հարկային տեսուչները դրսեւորում են կողմնակալ վերաբերմունք, միջին եւ փոքր բիզնեսի հարկատուների նկատմամբ վարչարարություն իրականացնելիս ցուցաբերում են անհարգալից եւ տարբերակված մոտեցում:  
Գիտենք, որ Ձեր ցուցումով հանրապետությունում ամբողջ թափով իրականացվում է հարկային կոշտ քաղաքականություն, որը հիմնականում ուղեկցվում է անօրինական մեթոդներով: Վերջիններս հատկապես կիրառվում  են  փոքր եւ միջին բիզնեսի այն հարկատուների նկատմամբ, որոնք չեն բավարարում հարկային տեսչությունների ղեկավարների շահադիտական եւ անձնական ակնկալիքները: Մենք փաստում ենք, որ  հարկային կադրային քաղաքականությունում ամենուրեք տիրում է ամենաթողություն եւ հովանավորչություն: Համակարգ են ընդունվում հիմնականում ՀՀ գործադիր, դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց զավակները, բարեկամները եւ ազգականները, որոնք ներթափանցել են համակարգ ընդամենն իրենց բիզնեսները հովանավորելու համար: Մեր կարծիքով՝ նրանցից մեկն է նաեւ Հրազդանի հարկային պետական տեսչության պետ Վահագն Սահակյանը, ում վարչարարության արդյունքում  ստիպված ենք  դադարեցնել մեր գործունեությունը:
Պարո՛ն նախագահ, մենք՝ ներքո ստորագրողներս, մեր բողոքն ենք ներկայացնում նորանշանակ պետ Վահագն Սահակյանի վարած հարկային կոշտ ու գռեհիկ քաղաքականության առթիվ: Վերջինս չարաշահում է իր պաշտոնական դիրքը, օրենքով անթույլատրելի մեթոդներով գանձում հարկեր, ստիպում մտնել անօրինական գործարքի մեջ: Հակառակ պարագայում անցնում է հարկային հետապնդման: Հարկ է նշել, որ բիզնես գործունեությունը մեզնից շատերին հեշտ չի տրվել, ստեղծել ենք ոչ միայն անձնական խնայողությունների, այլեւ բանկերից փոխտվություն վերցնելու միջոցով: Իսկ այժմ կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առաջ:
Խնդրում ենք Ձեզ վերահսկել իրավիճակը, նշանակել ծառայողական քննություն եւ ստեղծված դրության համար պատասխանատվության ենթարկել Վահագն Սահակյանին եւ վերահսկողության բաժնի աշխատակից Արման Ղազարյանին:
Վերջիններիս` պաշտոնական պարտականություններում ակնհայտ  թերանալու մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք մամուլում, սակայն, մեր տեղեկություններով, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ենթակաների՝ պաշտոնական դիրքը չարաշահելու եւ էթիկայից զուրկ պահվածքը քննադատելու եւ նվազագույնը վարչական տույժի ենթարկելու փոխարեն, խրախուսում եւ հովանավորում է նրանց: Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան հերթական նիստերից մեկի ընթացքում գովաբանել է Սահակյանին եւ ասել. «Շարունակի՛ր նույն ոգով»:
Ի՞նչ է ստացվում. ամեն օր բարձր ատյաններից խոսվում է միջին եւ փոքր բիզնեսի զարգացման մասին, սակայն հարկային տեսչությունում գերադասելի են համարում բավարարել պաշտոնատար անձի նկրտումները եւ շահերը, քան խթանել մեր երկրում գործարարությունը:

 Հրազդանի մի խումբ գործարարներ




Լրահոս