ԵՌԱԿԻ ՎՆԱՍ ԵՆ ԿՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին շուրջ 50 օր անձրեւ չեկավ, երաշտ էր: Այդ պատճառով ցորենի վատ բերք է ստացվել: Դեբեդի հովտի Դեղձավան գյուղի բնակչուհի Զարիկ Թորոսյանի տան բակում ցորենի եւ գարու կույտ է: Զարիկն ասում է, որ աշնանացան ցորենի բերքն այնքան քիչ էր, որ այն խառնել են գարու բերքին: Թոշակառու կինը նշում է, որ կառավարության աջակցության ծրագրով իրենց ընտանիքը 100 կգ աշնանացան ցորեն է ստացել, 3000 քառակուսի մետր ցորեն ցանել. «Այստեղ ընդամենը 200 կգ կլինի, որի կեսն էլ գարի է: Երաշտն էր պատճառը: Գարու բերքն էլ էր քիչ, 1 հա գարի ենք ցանել, հնձել, ստացել 500 կգ: Գարու մեկ հեկտարի մշակման ծախսը՝ վարի, ցանքի, կուլտիվացիայի համար, 150 հազար դրամ է, եռակի վնաս ենք արել»:
Թոշակառու կինն ասաց, որ երաշտի պատճառով վատ բերքի կապակցությամբ գյուղապետարանն ակտեր է կազմել: Դեղձավանի գյուղապետ Ռոբերտ Հովհաննիսյանը հայտնեց, որ կառավարության աջակցության ծրագրով համայնքը 1 տոննա աշնանացան ցորենի սերմացու է ստացել, ցանել, սակայն բերքը շատ սակավ է, գյուղն ի վիճակի չէ ստացած սերմացուի կրկնակին վերադարձնել պետությանը:
Տավուշի մարզի 62 համայնքներից 47-ը զբաղվում է հացահատիկի մշակությամբ. մարզում ցանվել է 6200 հեկտար հացահատիկ, որից 5000-ը՝ աշնանացան ցորեն, մնացածը՝ գարնանացան գարի: Երաշտի հետեւանքները սրվել են այն պատճառով, որ հացահատիկի ցանքերի մեծ մասը չի ոռոգվում: Բացի այդ, հնացած գյուղտեխնիկայի պատճառով եղած սակավ բերքն էլ առանց կորուստի չի հավաքվում: Տավուշի մարզում առկա 67 հատիկահավաք կոմբայններից աշխատունակ վիճակում են 37-ը, որից նոր է ընդամենը 7-ը, մնացած 30-ը հին են, մաշված, անսարքությունների հետեւանքով հաճախ են շարքից դուրս գալիս, իսկ դրանց նորոգումը մեծ ժամանակ եւ միջոցներ է պահանջում:




Լրահոս