Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը: Ավարտից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին հայտնեց, որ խորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել համապարփակ քաղաքական ելույթով:
«Ի համեմատություն այլոց ջղագրգիռ պոռթկումների`եղել է Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների խնդիրներին լուծումներ տվող համապարփակ ելույթ»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Վերջինս ելույթի մասին մանրամասներ չհայտնեց` նշելով, որ քիչ անց բոլորն էլ կիմանան ելույթի ողջ ընթացքի բովանդակությունը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է երկկողմանի քննադատությունները մարտահրավեր լինի, Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց, թե մարտահրավերը սկսել է այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կորցրել է երկրում ապրելու ցանկությունը:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»: