«Ժառանգություն» կուսակցության վարչություն հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական եւ անձը վիրավորող արտահայտությունները:
Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը: Գործող նախագահի ելույթի հետեւանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող «մեծամասնության» եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների համար՝ հետամուտ լինելով պետականության ամրապնդման եւ հասարակության շահերի պաշտպանությանը»:
13 փետրվարի 2015
Երեւան