Դուք չեք արձագանքել և ստել եք, դուք միշտ ստում եք. Զարուհի Փոստանջյանը` ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ թեժ բանավեճ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու հանրապետական մի քանի պատգամավորների միջև:

Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին հայտարարություն» որոշման նախագիծը:

Զարուհի Փոստանջյանը վրդովվել էր, որ իր խոսքով հանձնաժողովի հանրապետական անդամները խախտել են պայմանավորվածությունը, ներկայացրել այլ օրինագիծ, որից հանվել է եզդիներին ցեղասպանության ենթարկվելու մասը: Բացի այդ` Զարուհի Փոստանջյանը մեղադրեց հանրապետականներին գրագողության մեջ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն առաջարկեց նախ քննարկել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի լրամշակած տարբերակը, հետո միայն Զարուհի Փոստանջյանի նախագիծը, ինչն էլ զայրացրեց վերջինիս:

«Պահանջում եմ առաջինը քննարկման դնել իմ ներկայացրած օրինագիծը, նոր պարոն Շարմազանովի նախագիծը: Դուք չեք արձագանքել իմ առաջարկներին և ստել եք, դուք միշտ ստում եք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Ստախոսը Դուք եք, մի՛ վիրավորեք: Մենք արձագանքել ենք Ձեր առաջարկներին և հրավիրել հանձնաժողովի նիստին»,- արձագանքեց Արտակ Զաքարյանը:

«Ներկայացրեք ապացույց, որ ինձ հրավիրել եք: Դուք կրկին ստում եք: Ինչո՞ւ եք օրինագծից հանել եզդիների մասը»,- շարունակեց Զ.Փոստանջյանը:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ առաջարկեց  առաջինը քննարկման դնել Զարուհի Փոստանջյանի օրինագիծը:




Լրահոս