Armenian text to speach

Հայաստանի խորհրդարանի ծեծկռտուքը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում․ տասնյակ լրատվամիջոցներ անդրադարձել են միջադեպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը դուրս է եկել երկրի ներքաղաքական լրահոսի շրջանակներից՝ հայտնվելով միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Տարբեր երկրների հեռուստաընկերություններ, պարբերականներ և լրատվական հարթակներ տարածել են միջադեպի տեսագրությունները՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած աննախադեպ տեսարան։

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն պատգամավորների միջև ֆիզիկական բախումները, այլև միջադեպի պատճառները, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի՝ աթոռ նետելու դրվագը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։

Հատկանշական է, որ միջադեպին անդրադարձել են մի շարք հեղինակավոր և լայն լսարան ունեցող միջազգային լրատվամիջոցներ։

Բրիտանական The Telegraph-ն անդրադարձել է պատգամավորների միջև բախմանը՝ առանձնացնելով աթոռներ նետելու և փոխադարձ հարվածների տեսարանները։

Միջազգային Al Jazeera հեռուստաընկերությունը հոկտեմբերի 30-ին հրապարակել է «Հայաստանի խորհրդարանը վերածվել է բռնցքամարտի ռինգի․ մեկ ամսվա ընթացքում՝ երրորդ անգամ» վերնագրով տեսանյութային անդրադարձը՝ միջադեպը դիտարկելով խորհրդարանում տեղի ունեցած նախորդ բախումների համատեքստում։

Ամերիկյան CNN-ը ևս հրապարակել է Հայաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուքի մասին տեսանյութային նյութ։

Թեմային անդրադարձել են նաև՝

• Չեխական CNN Prima հեռուստաընկերությունը,
• Հունական CNN Greece-ը,
• Ալբանական Euronews Albania-ն,
• Լեհական TVP World-ը,
• Միջազգային bne IntelliNews լրատվական հարթակը,
• Հնդկական Hindustan Times-ը,
• Կոստա Ռիկայի La Nación պարբերականը,
• Ամերիկյան CBS News-ը՝ իր գործընկեր KYMA-ի միջոցով։

Միջադեպի մասին հրապարակումներ են տարածել նաև AzerNews-ը, The Times of India-ն և այլ լրատվական հարթակներ։

Ցավալի է, որ այս անգամ Հայաստանը միջազգային լրահոսում հայտնվեց նման բացասական առիթով։ Մի ժամանակաշրջանում, երբ երկիրը փորձում է ամրապնդել իր միջազգային դիրքերը, ներկայանալ որպես ժողովրդավարական զարգացումներով, տարածաշրջանային համագործակցությամբ, դիվանագիտական նախաձեռնություններով և տնտեսական հնարավորություններով հետաքրքիր պետություն, միջազգային հանրության ուշադրությունը գրավեցին ոչ թե այդ ձեռքբերումները, այլ օրենսդիր մարմնում տեղի ունեցած բռնության տեսարանները։

Խորհրդարանը ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտներից է, որտեղ քաղաքական հակասությունները պետք է լուծվեն բանավեճի, փաստարկների և քաղաքական պատասխանատվության միջոցով։ Երբ այդ հարթակը վերածվում է ֆիզիկական բախումների վայրի, վնասվում է ոչ միայն տվյալ քաղաքական ուժի կամ առանձին պատգամավորների հեղինակությունը, այլև ամբողջ երկրի միջազգային ընկալումը։

Ի վերջո, միջազգային մամուլի հրապարակումներն ու տարածված տեսանյութերը ձևավորում են Հայաստանի մասին պատկերացում նաև այն մարդկանց շրջանում, որոնք գուցե երբեք չեն եղել մեր երկրում։ Եվ ցավալի է, երբ այդ պատկերացման հիմքում հայտնվում են ոչ թե Հայաստանի հնարավորություններն ու ձեռքբերումները, այլ սեփական խորհրդարանում տեղի ունեցող նման տեսարանները։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս