Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 108 շենքում հակասանիտարական վիճակ է ստեղծվել. այդ մասին «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեցին նշված շենքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ կրծողները չեն բավարարվում շենքի նկուղում իրենց «ապաստանով» եւ հիմա էլ բարձրանում են վերեւ՝ բնակելի հարկեր:
Այս շենքը սպասարկում է «Էջմիածին» համատիրությունը: Բնակիչները դեռ մի քանի օր առաջ խնդրի մասին տեղյակ են պահել այդ համատիրությանը, բայց քայլեր չեն ձեռնարկել. ասում են՝ չեն հասցրել: Միայն «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգից հետո համատիրության նախագահ Հայկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ անձամբ եղել է շենքի նկուղում, ուսումնասիրել տարածքը եւ պարզել հետեւյալը. «Մի քանի ամիս առաջ կոյուղագիծը վնասվել էր, բնակիչներն էլ որոշել են հոսքի տակ բոչկա դնել: Դրել են ու մոռացել, չեն հանել: Հիմա էդ բոչկի մեջ նեխած ջուր է, որդեր են, մի խոսքով, բնակիչներն անբարեխիղճ են գտնվել, ու ստեղծվել է էդ հակահիգիենիկ վիճակը: Հիմի իրանք իրանց սեփականություն հանդիսացող տարածքները չեն մաքրում, եկել համատիրությունի՞ց են բողոքում»:
Ըստ նրա՝ արդեն իսկ տարվում են նկուղի մաքրման կազմակերպչական աշխատանքներ: «Շենքի նախկին համատիրության ղեկավարի հետ նայել ենք, բանվորներին ասվել է, անհրաժեշտ տեխնիկայի հարցն էլ կլուծենք, ու խոստանում եմ վաղը՝ մինչ օրվա վերջ, խնդրին լուծում տալ»,-խոստացավ Հայկ Ալեքսանյանը: Նա նշեց նաեւ, որ քաղաքացիները սրտացավություն չեն դրսեւորում ընդհանուր տարածքների պահպանման համար: Նկուղները, միջանցքները, աստիճանավանդակները դուրս են մնում բնակիչների ամենօրյա ուշադրությունից: Բնակիչներն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակադարձում են՝ հարցնելով. «Ինչի՞ համար ենք վճարում համատիրությանը, գուցե բարեգործ ենք ու պարտավորվել ենք ինչ-որ մարդկանց աշխատավարձո՞վ ապահովել: Եւ, ի վերջո, ի՞նչ է համատիրություն կոչվածը. մի՞թե նրա միակ գործառույթը չգիտես ինչի համար գումար հավաքելն է»:
Արեւմտյան երկրներում համատիրությունը բազմաբնակարան շենքի կառավարման արդյունավետ միջոց է: Համատիրության գործունեությունը նպատակ ունի կառավարել ընդհանուր գույքը, պաշտպանել շենքի բնակիչների շահերը, լինել նրանց ներկայացուցիչը պետական ատյաններում եւ իրականացնել այլ խնդիրներ: Մինչդեռ Հայաստանում այն վերածվել է անհայտ նշանակության մի կառույցի, որն աշխատում է միայն ընտրությունների ժամանակ՝ ակտիվորեն կազմակերպելով ընտրակաշառք բաժանելու, մարդկանց գումարի դիմաց տեղամասեր հասցնելու «սուրբ գործը»:
ԸՆԴԴԵՄ ԿՐԾՈՂՆԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ