Օգոստոսի 14-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը 30 հազար դրամով տուգանել է շուկայի տնօրինությանը: Քաղաքապետարանում կայացած այդ նիստին, որի ժամանակ քննարկվեցին քաղաքային շուկայի առջեւի մայթում՝ հետիոտների անցման տեղում, առեւտուր կազմակերպելու անթույլատրելիության հարցերը, հրավիրված էր նաեւ շուկայի տնօրինությունը: Սակայն նրանք արհամարհել էին այդ հրավերը: Իսկ Ղալումյանը որոշեց ոչ սահմանված վայրում առեւտուր կատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով Իջեւանի շուկայի տնօրինությանը տուգանել 30 հազար դրամի չափով: Այդ հոդվածով նախատեսվում է տուգանք 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետն ասաց, որ մոտ 10 անգամ իրենք զգուշացրել են շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին, որ նշված տեղում՝ մայթի վրա, առեւտուր չկազմակերպեն: Քաղաքապետն ասաց, որ շուկայի հետեւի մասում առեւտուր կատարելու համար ազատ տարածքներ կան, որոնք չեն օգտագործվում: Քաղաքապետի վկայությամբ` շուկայի առջեւի մայթի վրա առեւտուրն արգելելու համար իրենք բազմիցս դիմել են Իջեւանի ոստիկանություն: Հավելենք, որ Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանն էլ դեմ է, որպեսզի Իջեւանի կենցաղի տան հարեւանությամբ գյուղատնտեսական մթերքների բացօթյա առեւտուր կատարվի, Գ. Օհանյանը դա համարում է հակասանիտարական: Նշենք, որ այդ հատվածում գյուղամթերքների առեւտրի թույլտվության որոշումը կայացրել է համայնքի ավագանին:
Տավուշ