ԴԵՌ ԾԱՆՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին հանկարծամահ է եղել ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը` Ճուտ մականունով: 41-ամյա Սիրունյանի մահը վրա է հասել սրտամկանի կաթվածի հետեւանքով: Նրա դուստրը՝ Դիանա Սիրունյանը, տեղեկանալով հոր մահվան մասին, իրեն ցած է նետել իրենց բնակարանի պատուհանից: Վերջինիս անմիջապես տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Սիրունյանը երկար տարիներ եղել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո մասնակցել է համաժողովրդական շարժմանը,  2008թ. մարտին ձերբակալվել եւ դատապարտվել է: Ժամանակ առաջ լքել է Հայ ազգային կոնգրեսը` իր անհամաձայնությունը հայտնելով ՀԱԿ քաղաքականության վերաբերյալ: Վերջին շրջանում նրա անունը կրկին հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի նախաձեռնության հետ կապված: Ու մասնավոր զրույցներում ոմանք կասկածելի են համարում այս մահը, ինչպես քաղաքական վերնախավին մոտ կանգնած շատ այլ տարբեր գործիչների կասկածելի մահերը:
Երեկ՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:
Ինչ վերաբերվում է  Սիրունյանի դստերը, ապա աղջիկը նետվել է 5-րդ հարկի պատուհանից: Արդեն երկու օր է՝ նա ծայրահեղ ծանր վիճակում է: 16-ամյա աղջիկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի փոխանցմամբ` Դիանա Սիրունյանը դեռեւս շնչում է արհեստական շնչառության ապարատով:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ՝ Դ. Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար երեկ բժիշկների խորհրդակցություն է եղել: Հայկ Դարբինյանը տեղեկացրել է, որ խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ որեւէ ակտիվ գործողության դիմելը հակացուցված է: «Երեխան այժմ արհեստական շնչառություն է ստանում: Նրա մոտ ճարպային էմբոլիա է զարգանում, որը խցանում է ուղեղի անոթները: Դիմային ոսկորները փշրված են, կոնքի ոսկորները՝ կոտրված: Երեխան անընդհատ հսկողության տակ է ե՛ւ մեր, ե՛ւ խորհրդակցությանը մասնակցած մասնագետների կողմից»,-նշել է Հ. Դարբինյանը:
Նա հավելել է, որ Դիանայի դիմադրողականությունը բարձր է, ինչն օգնում է առանց բժիշկների կողմից գործադրված մեծ ճիգերի պահպանել արյան ճնշումը. «Բայց դա մխիթարիչ հանգամանք չէ: Պետք է սպասել, այս պահի դրությամբ դրական տեղաշարժ չկա»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ Հ.Հ. քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելու փորձ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս