ՀԱՐՑ. Ի՞նչ է պատահում, եթե ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցնում է մեքենան, եւ վարորդական իրավունքի վկայականը վարորդի մոտ չի լինում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տուգանքի իմաստով խնդիրն այնքան էլ ցավոտ չէ: Եթե վարորդական իրավունքի վկայականը Ձեզ մոտ չէ, ապա կտուգանվեք 5.000 դրամով: Բայց բանը տուգանքով չի վերջանա: Այնուհետեւ ճանապարհային ոստիկանը կկազմի համապատասխան արձանագրություն եւ մեքենան կտանի հատուկ պահպանվող տարածք: Արդյունքում կմնաք առանց մեքենայի: Վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելուց հետո առանց որեւէ խնդրի մեքենան կկարողանաք հանել հատուկ պահպանվող տարածքից, սակայն կորցրած ժամանակն ու լարված նյարդերն այլեւս չեք կարողանա վերականգնել:
Մինչ մեքենայի ղեկին նստելը ստուգե՛ք վարորդական իրավունքի վկայականի ու մեքենայի տեխնիկական անձնագրի առկայությունը: Դրանով Դուք կխնայեք Ձեր նյարդերն ու ժամանակը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միակ ելքը, որ քաղաքացուն հնարավորություն կտա խուսափելու տուգանքից ու քաշքշուկի մեջ հայտնվելուց, փոքր-ինչ ավելի ուշադիր լինելը եւ տնից դուրս գալուց առաջ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վերցնելն է: