Քննչական գործողություններից հետո Վալերի Օսիպյանի եղբորորդին կներկայանա. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակում հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուˋ Սեդրակ Օսիպյանի գործով նշանակված հեռախոսային ձայնագրությունների վերաբերյալ փորձաքննությության եզրակացությունը քննիչը պետք է երեկ` մարտի 6-ին ստանար, սակայն չի ստացել:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Վերջինիս կարծիքով` եզրակացության չստանալը զուտ տեխնիկական խնդիրներով է պայմանավորված: Փաստաբանը նշեց, որ այս փորձաքննության եզրակացությունից հետո գործի ընթացքը էականորեն կփոխվի` հօգուտ Սեդրակ Օսիպյանի:

«Եզրակացությունից հետո կկատարվեն քննչական գործողություններ, որից հետո էլ Սեդրակ Օսիպյանը կներկայանա»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը: Նա հավելեց` միգուցե երկուշաբթի օրը փորձաքննության եզրակացությունը քննիչը ստանա:

Հիշեցնենք` անցած տարվա հունիսի 2-ին Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Ըստ ոստիկանությանˋ դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: Ավելի ուշ վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասովˋ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տևական քայքայում: Հանցագործությունը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ է գտնվում:




Լրահոս