Փուչիկների գործով դատավարությունը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսպես կոչված “Փուչիկների” գործով այսօրվա դատական նիստը հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 14-ը: Հետաձգման պատճառը գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի բացակայությունն էր. դատական նիստի վերաբերյալ վերջինիս ուղարկված ծանուցումը հետ էր վերադարձել նշումով՝ Սերոբ Բոզոյանը նշված հասցեում չի բնակվում:
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ, դատական նիստին չէին ներկայացել նաեւ 118 տուժողներ, այդուհանդերձ, ներկայացած 79-ի համար էլ հատկացված դատական դահլիճը ակնհայտորեն փոքր էր. դատարանը հարկադրված էր տեղափոխվել ավելի ընդարձակ դահլիճ:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը՝ դիմելով դատարանին, հայտարարեց, որ այս պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել, միջնորդեց ողջամիտ ժամկետով հետաձգել դատական նիստը եւ միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին ամբաստանյալի ու տուժողների ներկայությունը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:




Լրահոս