ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ՄԵԾ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե շատ վաղուց հեռացած պիտի լինեինք խորհրդային ժամանակների արտահայտություններից, սակայն Լոռու մարզում դեռ առաջնորդվում են կոմունիստական լեզվամտածողությամբ եւ հոգեբանությամբ՝ հատկապես պատգամավորների մասին խոսելիս նորից շրջանառության մեջ դնելով «նավթալինոտ» արտահայտությունները: Թիվ 31 ընտրատարածքից պատգամավոր ընտրված եւ «Պատվավոր մարգահովտցու» կոչմանն արժանացած (հիշեցնենք, որ Մարգահովիտը նշանավոր Համզաչիմանն է) Կարեն Սարիբեկյանի մասին խոսելիս ասում են. կրթության գործի մեծ հովանավոր, մատաղ սերնդի դաստիարակիչ եւ այլն: Իսկ պատգամավորի ողջ «դաստիարակչական գործառույթն» այն է, որ Նոր տարուն մոտ 300 երեխայի նվերներ է մատուցում: Ու հենց նվեր մատուցելու հանգամանքն էլ նրան դարձրել է ազգային բարերարության մեծերից մեկը՝ մեկ մարզի կամ մեկ ընտրատարածքի կտրվածքով…
Կարեն Սարիբեկյանը խորհրդարանի հնաբնակներից է: Թե ինչ օրենքներ է գրել, քանի ելույթ է ունեցել, ոչ ոք չհիշեց, բայց բոլորը հիշեցին նրա հերոսական արարքի մասին, երբ նա չոքելով ՀՀԿ նախագահի եղբոր առաջ, աղեկտուր խնդրել է «շառից-փորձանքից, լրագրողներից հեռու մնալ»…
Կ. Սարիբեկյանն այն պատգամավորներից է, որը բարձրագույն կրթություն է ստացել ոչ պետական բուհում, բայց դա բնավ նրան չի խանգարել, որ «կյանքի համալսարաններում» ստացած կրթությամբ միշտ հաջողությունների հասնի: 24 տարեկանում ավարտել է Լենինականի թեթեւ արդյունաբերության տեխնիկումն ու ստացել տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտություն: 1982-1983թթ. ծառայել է բանակում, իր ինտերնացիոնալ պարտքը կատարել Աֆղանստանում, ինչն էլ հաշվի առնելով՝ հետագայում նրան դարձրել են Լոռու մարզի աֆղանների միության անդամ: Բանակից վերադարձել ու աշխատանքի է անցել Կիրովականի Ստ. Շահումյանի անվան կարի արտադրական միավորումում:
Կենսագրության մեջ գրված է, որ 1990-1994թթ. մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանը եւ ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին: Բայց այստեղ մի տարօրինակ հանգամանք կա. մինչեւ 1993թ. աշխատել է կարի արտադրական միավորումում, իսկ 1993-ից էլ՝ «Հաց» արտադրական միավորման «Բազում» մասնաճյուղում: Ուրեմն ե՛ւ կռվել է, ե՛ւ աշխատել: Եւ ինչպե՜ս էլ հասցրել է… Ոչ միայն հասցրել, այլեւ կարողացել է կարի տեխնոլոգի մասնագիտությամբ աշխատել հացաթխման ոլորտում, հետո էլ՝ 1998-2007թթ., եղել է ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն: Փաստորեն, գործ ունենք ունիվերսալ մարդու հետ: Զարմանում ենք՝ եթե նման մարդիկ կան մեր շարքերում, հապա ինչո՞ւ մեր տնտեսությունն առաջ չի գնում… Կ. Սարիբեկյանը 2000-2004թթ. սովորել եւ ավարտել է Վանաձորի «Մխիթար Գոշ» կոոպերատիվ համալսարանի կառավարման ֆակուլտետը: Ուսանող-տնօրենը 2002-ին ընտրվել է Վանաձորի ավագանու անդամ, ապա որոշել է իր ներկայությունը հաստատել ԱԺ-ում եւ 2007-ին պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից: Ասում են՝ նրան շատ է օգնել Լոռու այդ ժամանակվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որն առանձնակի սեր ուներ էներգետիկ համակարգում աշխատողների նկատմամբ:
ՀՀԿ անդամ պատգամավորը ԱԺ բանակի եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, սակայն երբեք չի հետաքրքրվել բանակում տիրող իրավիճակով:  Նա իր «հետաքրքրություններն» ունի, որոնց կենտրոնում առաջին հերթին ճոխ կյանքն է: Օրինակ՝ այս ամառը պատգամավորն անց է կացրել Իտալիայում, վայելել իտալական ծովափերի հաճույքները:
Ժամանակ առաջ Կ. Սարիբեկյանը նաեւ աջակցում էր Խաչիկյան եղբայրներին Ախթալայի կոմբինատի հարցում: Հայտնի է, որ Խաչիկյանները մանկապիղծ Տեր-Պողոսյանի դատապարտումից հետո ամեն ինչ անում էին, որ կարողանան տեր կանգնել այդ կոմբինատին, ու նրանց հույսն էլ Սարիբեկյանն էր, որը մասնակցում էր կոմբինատի բանվորության ժողովներին, կոչ անում պայքարել բանվոր դասակարգին հարստահարողների դեմ… Իհարկե, թե՛ Խաչիկյանները, թե՛ Սարիբեկյանն արդյունք  չստացան իրենց հրահրած պայքարից, բայց Սարիբեկյանին Ախթալայում սկսեցին հիշել որպես իրենց շահերին նվիրված մարդ… Տեսնո՞ւմ եք, կարելի է մի ելույթ ունենալ եւ միանգամից հռչակվել ժողովրդի բարեկամ, մինչդեռ որոշ պատգամավորներ օրուգիշեր գլուխ են ջարդում, որպեսզի ազգը հիշի իրենց…
«Ժողովրդի բարեկամ» Կ. Սարիբեկյանն էլ, պարզվում է, ման է գալիս թիկնազորով: Թե այդ ինչ թշնամիներ ունի, որ թիկնազոր է պահում, չգիտենք: Եւ հետո, աֆղանական պատերազմին, հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցած պատգամավորը ինչի՞ց է վախենում… Բայց, հավանաբար, վախենալու բան ունի կամ էլ վարակվել է իր մի շարք ՀՀԿ-ական ընկերների լոպազությունից եւ որոշել ցույց տալ, որ ինքն էլ շատ կարեւոր անձ է: Բայց իրականում Կ. Սարիբեկյանը լավ էլ մեծահարուստ է, դիզել է անբավ հարստություն ու դա պահպանելու համար էլ սկսել է շատ մտերմանալ իշխանական վերնախավի եւ հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հենց վարչապետն էլ նրա «տանիքն» է դարձել: Հիմա էլ Սարիբեկյանը լծվել է նախագահական ընտրություններին եւ ամենուրեք հայտարարում է, թե «մեր շեֆն ա հաղթելու»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս