ԱԼԿՈՀՈԼԻ ՎԵՐՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին այս անգամ իր պատմությունը ներկայացրեց 67-ամյա Գառնիկ Լազարյանը, որն ապրում է Նուբարաշեն թաղամասում: Գառնիկի հարստությունը միակ որդին է, որը, սակայն, նրա ասելով, լավ չի վերաբերվում իրեն: Բայց  ի՞նչ կարող է անել, Աստված էլ դա է իրեն կամեցել: «Խմում է, գալիս կռիվ է անում, ասում եմ՝ տղա՛ ջան, ձենդ կտրի՛, հարեւանները կբողոքեն : Ջղայնանում է, մի երկու լեն սիլա էլ ինձ է տալիս»,-վախվորած պատմեց Գառնիկ պապը՝ հավաստիացնելով, որ իր որդին մաքուր սիրտ ունի եւ իր արածների համար հետո ներողություն է խնդրում:
Գառնիկ Լազարյանին հանդիպեցինք Մալաթիա-Սեբաստիայի տոնավաճառի տարածքում: Նրա կյանքի ընկերը մահացել է 2007թ.-ին. «Կինս շատ խելոք էր, ասեի՝ թանը սեւ է, կասեր՝ հա՛, տենց է, բա չէ, հիմիկվա հարսների նման: Ապարանցու արուն կար մեջը: Ես էլ  արմատներով ապարանցի եմ, բայց ապարանցու թասիբ չունեցա մեջս, որ լավ ընտանիք պահեմ: Մեղքն իմն է: Ինչ ուզում են ասեն, մեկ ա՝ տան տանիքը տղամարդն է: Տունը տուն դարձնողը տղամարդն է, որ նա անհաջողակ եղավ ու անբախտ, ուրեմն կորած է ամեն ինչ»:
Ըստ Գառնիկի՝ Լազարյանների ցեղը խմիչքի հետ սեր ունի, դա էլ եղել է իր ընտանիքի ձախորդությունների պատճառը. «Խմիչքից ո՞վ է խեր տեսել: Խմել պետք է, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, իսկ ես դա դեռ մինչեւ հիմա չեմ կարողացել հասկանալ»:
Միակ որդին՝ Աշոտը, աշխատում է, իսկ թե ինչ աշխատանք է անում, հայրը վախենում է հարցնել որդուն՝ տանն ավելորդ կռիվ չգցելու համար: Որդին վատ պայմանների պատճառով չի կարողանում ու չի ուզում ամուսնանալ: «Ուսումի տվել եմ, Պոլիտեխնիկի ինժեներականն է սովորել, բայց եթե սովորած լիներ, մարդ կդառնար: Է՛հ, նա էլ խմիչքի հետ սեր ունի: Մոր մուրազը չկատարվեց, շատ էր ուզում ամուսնացներ տղուն, թոռ պահեր, թոռան քաղցրությունը տեսներ, բայց այդպես էլ չտեսավ: Ես էլ, աղջի՛կ ջան, հույս չունեմ, թե կտեսնեմ»,-սրտնեղելով պատմում է Գառնիկը:
67-ամյա մուրացիկի հարազատները չգիտեն, թե ինչով է նա զբաղվում, ինքն էլ ոչ մի դեպքում չի ցանկանում, որ իր զբաղմունքը հայտնի դառնա: Բացի շաբաթ եւ կիրակի օրերից, նա գնում է տարբեր տոնավաճառների տարածքներ կամ բնակարանների դռներն է թակում:
«Մալաթիայի շուկա, «Ռոսիա», Կոմիտասի շուկա, տենց տեղեր եմ գնում:  Բնակարաններ էլ եմ գնում, բայց բնակարաններից փող չեմ մուրում, ասում եմ, թե հին արդուկ, մագնիտաֆոն, ինչ ունեք, որ թափելու է, տվե՛ք: Հետո դա տանում հանձնում եմ հատուկ կետեր, որոնք հին իրեր են ընդունում»,-ասաց նա: Գառնիկը մեզ խոստովանեց, որ տոնավաճառների տարածքները միտումնավոր է ընտրել: «Ամեն մարդ չի կարող էս թանկ ու կրակ երկրում գնալ շուկա: Եթե մարդ էսօր կարողանում է գնալ շուկա,  ուրեմն փող ունի գրպանում: Ու ես չեմ էլ սխալվում, լավ էլ աշխատում եմ»,-անկեղծացավ նա` հավելելով, որ իր օրվա եկամուտը կազմում է 3000-4000 դրամ:
Գառնիկի միակ երազանքը թոռնիկ ունենալն է, ինչի համար նա օրուգիշեր, ինչպես ինքն է նշում, աչքի տակով լավ հարսնացուներ է փնտրում: Թեեւ երկար համոզեցինք, բայց նա չցանկացավ լուսանկարվել, քանի որ հարազատների մոտ խայտառակ չի ուզում լինել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս