Ինչպես հայտնի է` 2015 թվականի հուլիսի 10-ից Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից անցում կկատարվի թվայինի: Տարիներ շարունակ ձգձգված այս գործընթացի մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է` այդ ընթացքում նաեւ իշխանություններին հնարավորություն տալով կապուղիների մրցույթներն անցկացնել իրենց համար ցանկալի սցենարներով եւ թվայնացման պատրվակի տակ սահմանափակելով կապուղիների թիվը` դաշտից դուրս թողնել անցանկալի լրատվամիջոցներին:
Սակայն Հայաստանի ստանձնած այս միջազգային պարտավորության վերջնաժամկետը, այնուամենայնիվ, ռետինե չէր, եւ ՀՀ իշխանությունները, ի վերջո, ստիպված էին գնալ եթերի թվայնացմանը` անգամ եթե դրան վերջնականապես պատրաստ չէին: Արդյունքում` հեռուստատեսությունը որպես ինֆորմացիայի առաջնային աղբյուր դիտող ՀՀ քաղաքացիների 80 տոկոսի մի զգալի մասը, ըստ որոշ հարցումների՝ ընդհուպ մեկ երրորդը, առաջիկայում կանգնելու է իր` տեղեկացված լինելու իրավունքի սահմանափակման խնդրի առջեւ, կամ, պարզ ասած, զրկվելու է հեռուստացույց դիտելու հնարավորությունից:
Բանն այն է, որ հին մոդելի հեռուստացույցները չեն կարող ապահովել թվային հեռարձակումը: Դրա համար կարիք կա լրացուցիչ դեկոդերների, որոնց նվազագույն գինը սկսվում է տասը հազար դրամից: Իհարկե, պետությունը պարտավորվում է սոցիալապես անապահով խավերին այդ սարքերը տրամադրել անվճար, սակայն մեծ հարց է, թե ինչ չափանիշներով է դա որոշվելու, եւ, ամենակարեւորը, ինչ որակի ապակոդավորող սարքեր են հատկացվելու:
Ու թեեւ այս դեպքում պետությունը համապատասխան տենդեր չի հայտարարել, եւ շուկայում առկա են տարբեր արտադրության եւ տարբեր գների ապակոդավորող սարքեր, կասկածից դուրս է, որ անվճար հատկացվողները կլինեն, մեղմ ասած, որակապես ոչ լավագույնները: Մեզ մոտ անգամ վճարովի հիմունքներով քաղաքացիներին պարտադրված սարքերն են անորակ լինում, ուր մնաց` անվճար հատկացվողները: Դրա լավագույն օրինակը գազի ներտնային անվտանգության` չինական արտադրության սարքերն են, որոնց վիճելի որակական հատկանիշները հայտնի են բոլորին:
Բացի այդ` այսօր ՀՀ միջին վիճակագրական ընտանիքների մեծ մասի համար լրացուցիչ 10 հազար դրամի ծախսը զգալի բեռ է, եւ պետությունը պարտավոր է ապակոդավորող սարքեր հատկացնել նոր մոդելի հեռուստացույց չունեցող անխտիր բոլոր ընտանիքներին, կամ էլ` մշակել մատչելի վարկային փաթեթ` նոր մոդելի հեռուստացույց գնելու համար:
Ամենամեծ խնդիրը, սակայն, սպասվելիք փոփոխության մասին հանրության տեղեկացվածության պակասն է, եթե չասենք` բացակայությունը: Մի խոսքով, այս բարեփոխումը եւս մեզ մոտ իրականացվում է «ուզում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» տարբերակով: