«ԴԺՎԱՐ Է ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ՊԻՏԱԿՈՎ ԱՊՐԵԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը թեեւ այսօր արդեն շատ չի երեւում ոլորտում եւ զբաղված է երեք երեխաների խնամքով, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդը» գալիք միամսյակին ընդառաջ՝ գեղեցկուհու հետ զրուցել է կանացի որոշ հարցերի շուրջ, պարզել նրա հմայքի գաղտնիքը: Գոհար Հարությունյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթներին՝ նկատելով, որ գեղեցկուհիները դրանց մասնակցելու համար արդեն ոչ մի ստիմուլ չունեն:

-Գոհա՛ր, ավելի քան տասը տարի է անցել Ձեր «աստեղային ժամերից», սակայն հայ հանրությունը Ձեզ չի մոռացել: Սոֆի Լորենն ասում է` միայն հմայիչ կանայք են, որ միշտ հիշվում են: Գուցե գաղտնիքը հենց այդ հմայքի մե՞ջ է:
-Այդ հարցի պատասխանն ինքս էլ չունեմ, բայց այն կարծիքին եմ, որ հմայքն էլ ժամանակի ընթացքում կարող է կորչել, եւ միայն քո հանդեպ սերն է, որ չի կարող անցնել: Ինձ թվում է` հանրությունն ընկալել է իմ մարդ տեսակը: Առհասարակ, շատ դժվար է գեղեցկուհու պիտակով ապրելը: Մեր բնագավառն ամենաքարկոծվողն ու խոցելին է, եւ այս պարագայում հասարակության համակրանքին արժանանալը հեշտ չէ:
-Ասում են` կնոջն ամեն բան ներվում է, բացի` գեղեցկությունից:
-Մարդիկ գեղեցիկ կնոջը սիրելու հակված չեն՝ շատ անգամ դրա համար առանց բացատրություն ունենալու: Ասում են նաեւ` մեղավոր է այն կինը, որը գեղեցիկ է: Բայց ես միեւնույն ժամանակ մի բան եմ հիշում, որը հակառակի մասին է խոսում: Երբ ԱՊՀ-ում հաղթանակ տանելուց հետո վերադարձա հայրենիք, կանայք ինձ ավելի շատ էին ողջունում, քան տղամարդիկ: Մեր կանայք ինձնով հպարտացել են, եւ դա ինձ շատ է ուրախացնում. ի վերջո, ես դրսում ներկայացրել եմ հավաքական հայ կնոջ կերպարը:
-Հետաքրքիր է` ըստ Ձեզ՝ այսօր հայ գեղեցկուհիները մեր երկրի կողմից միջազգային մրցույթներին մասնակցելու համար ստիմուլ ունե՞ն:
-Շատ լավ հարց էր: Նախ ես գիտեմ, որ «Միսս Հայաստան» մրցույթ արդեն իսկ չի կազմակերպվում: Վերջին շրջանում մի երկու սիմվոլիկ մրցույթ արեցին, որից հետո անվանարկեցին այն իսպառ: Իսկ, առհասարակ, ես միշտ զամացել եմ, թե ինչու էին մեր հայ աղջիկները մասնակցում այս մրցույթին, եթե վերջին շրջանում մեկ փունջ ծաղկեփնջից զատ ոչինչ չէին ստանում: Ձեր ասած ստիմուլը չկա: Իսկ, օրինակ, իմ ժամանակ՝ այդ ծանր տարիներին, հնարավոր էր լինում հովանավորներ ճարել, գեղեցկուհիներին արտերկիր ուղարկել, ապահովել նվերներով: 1998 թվականին ես 8 հազար դոլար մրցանակային ֆոնդ եմ ունեցել: Իսկ հիմա այդ գեղեցկուհիներին էժանագին թագեր են տալիս եւ վերջ:
-Գուցե պետք է կայուն ազգային մրցո՞ւյթ ունենալ:
-Այո՛, որպեսզի դա թույլ տա մասնակիցներին ընդգրկվել ավելի հայտնի, բարձր վարկանիշ ունեցող մրցույթներում: Եթե այդ ազգային մրցույթն ունենանք, վստահ եմ, որ հովանավորներ էլ կգտնվեն:
-Գոհա՛ր, ըստ Ձեզ՝ այսօր հայ կինը բավականաչափ վճարունա՞կ է, որպեսզի ապահովի իր խնամված տեսքը, հետեւի նորաձեւության միտումներին:
-Չեմ կարող ստել եւ ասել` այո, բայց ես մի միտում եմ նկատել, որի մասին անպայման կուզենամ նշել: Հայ կինը, ի տարբերություն արտասահմանցի կանանց, իր տեսքին առաջնային նշանակություն է տալիս: Նա իր վաստակածի համեմատ, այսպես ասած, չեղած տեղից մեծ գումար է ծախսում, օրինակ` հագուստի վրա:
-Կա՞ մեկը, ով Ձեզ համար կանացիության խորհրդանիշ է:
-Շատ են: Ես, առհասարակ, ձգտում եմ կնոջ մեջ առաջին հերթին նկատել նրա առավելությունները, տեսնել գեղեցիկը: Իսկ կանացիության սիմվոլ ինձ համար մայրս է, ով վաթսունն անց հասակում հրաշալի հոգեվիճակ եւ արտաքին ունի:
-Կոկո Շանելն ասել է` գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից եւ հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի, համաձա՞յն եք:
-Այո՛: Բայց կինը մինչեւ այդ ներդաշնակության հասնելը ստիպված է մի քանի փուլեր հաղթահարել` ինքնահաստատման, ինքնաարտահայտման: Եվ եթե նրա հոգեկան աշխարհը հանգիստ է, եթե նա վայելում է սեր, միշտ էլ գեղեցկություն կհորդի` վարակելով շրջապատին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
«ԿԱՆԱՅՔ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ ՍԻՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Առջեւում կանանց նվիրված միամսյակն է, եւ սա եւս մեկ առիթ է՝ ընտանիքում, հասարակության մեջ նրանց դերը կարեւորելու, մեծարելու եւ գեղեցիկ խոսքեր ասելու համար: Իսկ տոնն առավել հատկանշական է դառնում տղամարդկանց շնորհիվ: «Ժողովուրդ»-ը հայտնի հայ տղամարդկանցից պարզել է` որն է հայ կնոջ դերը հասարակական-քաղաքական կյանքում, ինչ արժեքներ կրող է նա, եւ ամենաշատը ինչն է պակասում վերջինիս կյանքում:

«Արմքոմեդի» երգիծական հաղորդման հաղորդավար Նարեկ Մարգարյանն, օրինակ, մեզ հետ զրույցում, անդրադառնալով բոլորովին վերջերս ԲՀԿ նախագահի պաշտոնում կին ղեկավարի ընտրության հարցին, համարեց այն ողջունելի` միաժամանակ նկատելով, որ կուսակցություններում ներգրավված կանայք կուսակցական գծից չեն շեղվում: «Կարծում եմ` նախ մեր ժողովուրդը պետք է փոխի իր վերաբերմունքը կին պաշտոնյաների նկատմամբ: Եթե գոնե մի քանի կին պատգամավոր մեծամասնական ընտրակարգով ընտրվի, այդ ժամանակ քաղաքական դաշտում կզգանք ակտիվացում, կունենանք նոր գաղափարներ: Ինքս հաճույքով կքվեարկեմ լավ նախընտրական պլատֆորմով կնոջ օգտին»,-ասաց նա:
Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանն էլ պատմեց, որ «Մայրիկների ակումբ»-ի ֆեյսբուքյան էջում իրենք հարցում են արել` ինչ է պետք հայ կնոջը երջանիկ լինելու համար: Նրա խոսքով` պատասխանողների ճնշող մեծամասնությունը նշել է, որ երջանիկ լինելու համար հարկավոր է ունենալ ուշադիր, սիրող եւ հոգատար ամուսին եւ առողջ երեխաներ: «Ես այդ ցանկին կգումարեմ նաեւ մասնագիտական առումով կայանալու հնարավորությունն ու ամուսնությունից հետո սեփական «ես»-ն ու «տարածությունը» չկորցնելու քաջությունը, ընտանիքի ֆինանսական վիճակը»,-կարծիք հայտնեց նա:
Մի շարք հումորային նախագծերի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանի համոզմամբ էլ միամսյակի խորհուրդը կանանց մեծարելու մեջ է: Նրա խոսքով` կանայք ստեղծված են սիրվելու համար. «Կնոջ հանդեպ ուշադրությունը պետք է ամենօրյա բնույթ կրի: Հատկապես կարեւորում եմ հակառակ սեռի հանդեպ հարգանքի դրսեւորումը: Հայ կինն ունի մի շարք առավելություններ, դրանցից գլխավորներն, ըստ իս, մայր դառնալու ձգտումն ու նվիրվածությունն է ընտանիքին»,-ընդգծեց նա` հավելելով, որ սիրում է անակնկալներ մատուցել իր կնոջը, իսկ վերջինս էլ գնահատում է ուշադրության ցանկացած, թեկուզ չնչին դրսեւորումը:
«Ժողովուրդ»-ը միանում է իր զրուցակիցների բոլոր շնորհավորանքներին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս