ՆՈՎՈՆ՝ ՀԱՅ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՀԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, ԱԺ նախօրեի արտահերթ նիստում հերթական անգամ փայլատակել է լրագրողների հետ շփվելու իր հմտությամբ ու “սիրալիրությամբ”:
Երբ “Ժողովուրդ”-ի թղթակիցը փորձել է Արմավիրի մարզում ամենատարբեր կրիմինալ պատմությունների մեջ թաթախված Նովոյից տեղեկանալ՝ պատրաստվում է արդյոք գրավի դիմաց ազատ արձակել այժմ կալանքի տակ գտնվող որդուն՝ Արտակ Գեւորգյանին, վերջինս հարձակվել է. “Խի՞, սիրտդ ցավո՞ւմ ա, էնքան շոուներ եք սարքել: Բան չկա”: Մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելիս էլ նույնքան կոռեկտ է գտնվել. “Դավայ, դավայ…”:
Ավելի քան 13 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում այս “ազգընտիրը” մեկ նախադասություն անգամ չի արտաբերել ո՛չ խորհրդարանի ամբիոնից, ո՛չ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում, ո՛չ էլ միջազգային կառույցներում: Ավելին, նույնիսկ ընկերական շրջապատում էլ գլուխ է գովում, թե ի տարբերություն իր կոլեգաների՝ ինքը կյանքում լրագրողներին հարցազրույց տված չկա: Փոխարենը նա մշտապես աչքի է ընկնում լրագրողների հանդեպ նման “հարգալից” կեցվածքով. մե՛կ սպառնում է լրագրողի գլուխը թռցնել, մե՛կ “դավայ-դավայ” հաճոյախոսություններով է պատասխանում, ու այդպես շարունակ: Իսկ խորհրդարանի պատերից դուրս նրա գործունեության արդյունքում անունը շոշափվում է Արմավիրի մարզում տարբեր հանցագործությունների, ընդհուպ մինչեւ մարդկանց առեւանգման, ծեծի ենթարկելու եւ սպանությունների համատեքստում:
Ամեն անգամ նրա այս արկածներն ու խորհրդարանական ,ակտիվ գործունեությունըե չեն խանգարում, որպեսզի Նովոն ՀՀԿ ցուցակով կրկին ու կրկին դառնա պատգամավոր: Ընդ որում, այս անգամ նա ՀՀԿ համամասնական ցուցակում բավական բարձր հորիզոնական էր զբաղեցնում՝ հենց Սերժ Սարգսյանի ուղղակի “դաբրոյով”:
Հետաքրքիր է՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսքանից հետո քննության կառնի՞ Նահապետ Գեւորգյանի պահվածքն ու համապատասխան եզրակացություն կտա՞, թե՞ Նովոն կշարունակի լրագրողներին նման “հաճոյախոսություններ” շռայլել: ՀՀ գլխավոր դատախազության մասին որեւէ բան չենք ասում, քանի որ ,Հետքե-ի լրագրողի ներկայացրած դիմումը՝ ընդդեմ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, կանխատեսելի մերժում ստացավ: Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով զենքի սպառնալիքով երկու մեքենա առեւանգելու համար: Նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, իսկ Ա. Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս