Երբ Շանթն ազատության մեջ հայտնվի, այդ ժամանակ էլ պարզաբանումն ինքը կտա. Պավլիկ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանթ Հարությունյանը նախ անազատության մեջ է, իսկ երբ անազատության մեջ է, չես կարող հասկանալ` ինչից ելնելով է ինքը դա արել: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը` անդրադառնալով Շանթ Հարությունյանի նամակին` ուղղված «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը, որտեղ Ժիրայր Սէֆիլյանից խնդրում է վերանայել իշխանափոխության ժամկետները:

«Ազատությունն ինձ համար ամեն ինչից վեր է: Ի՞նչ է, չի՞ եղել դեպք, որ ծնողի կամ ավելի մտերիմ մարդու մահվան օրը երեխա է ծնվել: Արգելե՞լ դա: Դժվարանում եմ ասել` դա Շանթ Հարությունյանի կարծիքն է, թե` ոչ: «Հայ ժողովրդի դատը մարդկության դատն է»: Մենք այդ խոսքերն ենք ուզում կյանքի կոչել: Իսկ էդ դատը ե՞րբ պիտի անենք մենք վերջապես: 100 տարի էշի արահետ սարքած գնալ-գա՞լը: Ի՞նչ ենք անում: Մարդիկ կան, կուսակցություններ կան, որ դա սարքել են իրենց կուսակցական բիզնեսը»,- մեկնաբանեց Պավլիկ Մանուկյանը:

Վերջինս նշեց` եթե Շանթ Հարությունյանը նման կարծիք ունի, դա թյուր է. «Չնայած չեմ հավատում: Մարդն, ամեն դեպքում անազատության մեջ է: Ես անցել եմ բանտերով, մանավանդ թուրքական: Սրանք ոչ մի բանով չեն տարբերվում: Բավականին բարդ է»,- ասաց նա: Պ. Մանուկյանը հարցադրում արեց` ինչո՞ւ հենց այս օրերին հայտարարություն արեց Շանթ Հարությունյանը:

«Մենք վաղուց էինք հայտարարել, որ ապրիլի 24-ին ենք անելու: Ինչքան մոտենում է եզրագծին, անքան ավելի՞ պղպջակներ պիտի բացահայտվեն: Այ երբ ապրիլի 24-ից հետո ազատության մեջ հայտնվի Շանթն, այդ ժամանակ էլ պարզաբանումն ինքը կտա: Մենք անազատության մեջ ունենք էլի մի հայտնի դեմք, ժողովրդի համար շատ ավելի մեծ բան արած Վոլոդիա Ավետիսյանը, ով ամեն վայրկյան իր կոչով, իր խոսքով մեր կողքին է: Հաղթանակներն, ազատագրվելն ավելի թանկն են, քան ինչ-որ սգո օր հայտարարելը: Ես ինքս որպես մշեցի շատ մեծ կորուստներ եմ ունեցել, մեր հսկա գերդաստանից ընդամենը մի քանի մարդ է փրկվել: Բայց ես չեմ ուզում այդ վրեժի, ցասումի լուծը հանել դնել տղայիս վրա, տղաս էլ` իր տղայի վրա, մանավանդ որ այսօրվա իշխանությունների գործելկաոճը ոչ մի բանով չի տարբերվում երիտթուրքական իշխանությունների ոճից»,- եզրափակեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս