ԼՂՀ Կառավարությունը հաստատել է ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության՝ ըստ մասնագիտությունների անվճար և վճարովի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը:
Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին գործադիրի կողմից որոշում է ընդունվել նախօրեին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում։ Որոշման համաձայն՝ ԱրՊՀ-ում բակալավրի կրթական ծրագրով 25 մասնագիտությունների գծով նախատեսված է 200 անվճար և 465 վճարովի տեղեր, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»-ի Ստեփանակերտի մասնաճյուղում` 90 անվճար և 190 վճարովի, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 10 մասնագիտությունների գծով` 120 անվճար և 135 վճարովի տեղեր:
ՀՀ 13 բուհում 49 մասնագիտությունների գծով հատկացված են 60 անվճար և 20 վճարովի տեղեր: Կառավարության ղեկավարը դժգոհություն է հայտնել, որ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ընտրության հարցում համապատասխան օղակներում բացատրական աշխատանքներ գրեթե չեն տարվել, այդ պատճառով գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտներում անհրաժեշտ մասնագետների պակասը չի լրացվում:
Կառավարության կողմից հաստատվել են նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը: Նոր ուսումնական տարվանից ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների թիվը կհամալրվի ևս մեկով. գործելու է Շուշիի արհեստագործական նոր ուսումնարանը` ուսուցման նոր մեթոդներով:
Վարչապետ Ա. Հարությունյանի խոսքով, կրթօջախի վարպետները վերապատրաստվել են ֆրանսիայում և ժամանակակից տեխնոլոգիաներով ու փորձով պատրաստ են իրենց ունեցած գիտելիքները փոխանցել ուսումնարանի սաներին, ովքեր ուսումնառության տարիներին հնարավորություն են ունենալու համատեղելու ուսումն ու պրակտիկան: Ուսումնարանը ունենալու է հարմարավետ հանրակացարան: Վարչապետը հորդորել է շրջվարչակազմերի ղեկավարներին դպրոցականների և նրանց ծնողների շրջանում տանել բացատրական աշխատանքներ` ճիշտ մասնագիտություն ընտրելու համար: