«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանը նշեց, որ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Սերժ Սարգսյանին: Պատճառը 2014թ Գյումրիում հնչած կրակոցներն են:
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 28-ին Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց կրակոցներ էին հնչել, որոնց արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 27-ամյա տաքսու վարորդ Արտակ Անդրեասյանը: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ կրակելու մեջ կասկածվում է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդին` Արկադի Խաչատրյանը: Ավելի ուշ վերջինիս նկատմամբ հայտարարվեց հետախուզում, եւ 3 ամիս անց նախկին պետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն եւ կալանավորվեց: Իսկ ինչն էր եղել կրակոցների պատճառը, եւ ինչո՞ւ է այսօր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանը դիմել Սերժ Սարգսյանին:
Որտեղից սկսվեց կրակոցների պատմությունը
Ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի` իր որդու մտերիմ ընկերներից մեկը, որը տաքսու վարորդ է, մեկ այլ տաքսու վարորդի հետ խնդիր է ունեցել եւ այն հարթելու համար իր որդուն է դիմել. «Տղես գնացել, հանդիպել է իր ընկերոջ հետ խնդիր ունեցած տաքսու վարորդ Արտակ Անդրեասյանի հետ: Պարզվում է, որ Արտակը Գյումրիում գտնվող տարածքներից մեկը, որտեղ տաքսու վարորդներ են կանգնում, իրենով է արել եւ մյուսներին չի թողել այնտեղ կայանեն իրենց մեքենաները, եւ տղաս գնացել է, խոսի այդ խնդրի շուրջ է: Տղես խոսել է Արտակի հետ, իրար հասկացել են ու խնդիրը հարթել են: Ավելի ուշ՝ երեկոյան, որդիս իր ընկերների հետ Գյումրու Բուլվարային թաղամասում կանգնած է եղել, նույնիսկ այդտեղ է եղել Արտակի քեռին, կանգնել խոսել են: Այս ամենից հետո որդիս նստել է մեքենան ու գնացել է: Տղաս շատ հեռու է գնացած եղել, եւ Գյումրու Բուլվարային թաղամասում հնչել են կրակոցներ: Արտակին տարել են հիվանդանոց, ու այս պատմությունը սաղ սարքել են իմ որդու գլխին, թե նա է կրակել: Նա կապ չունի այս կրակոցների հետ, նրա մեղքը այս պատմության մեջ այնքանով է, որ գնացել է վարորդների միջեւ եղած խնդիրը լուծելու: Ավելին ասեմ, որ կրակոցներից տուժած Արտակի քեռին իր առաջին ցուցմունքում ասել է, որ դեպքի օրը նշված թաղամասում Արկադիի հետ է եղել, նրան ճանապարհելուց հետո են կրակոցները հնչել: Արտակի մայրն էլ է ասել, որ կրակոցների ժամանակ այդ թաղամասում Արկադին չի տեսել»:
Մեր զրուցակցի պատմելով` դեպքից որոշ ժամանակ անց, սակայն, տուժողների հարազատները ցուցմունքները փոխել են. «Արտակի քեռին ասում է, թե կրակոցների ժամանակ ինքը այդտեղ չի եղել, իսկ տղայի մայրն էլ գրել է, թե Արկադին տեսել է կրակոցների ժամանակ: Հիմա էլ դեպքից անցել են ամիսներ, եւ կրակոցներից տուժած տղայի հարազատները ներողություն են խնդրում, թե իրենք կլյաուզա են հանել, ներողություն են խնդրում, որ իմ երեխուն չկատարած գործի մեջ են մեղադրում: Ու այս ամենի արդյունքում իրական կրակողները դրսում են, իսկ իմ որդին հայտնվել է ճաղերի հետեւում: Այս գործով այնպիսի մարդիկ կան, որոնց չեն տարել, քննել: Քննիչներին ասում եմ՝ ինչո՞ւ չեք քննում այս մարդկանց, ինձ ասում են՝ մենք ինչ իմանանք, թե ով են: Տո, դուք օդի մեջ ճանճ եք բռնում, դուք չգիտեք, թե ով է եղել իմ որդու հետ, ո՞ւմ պետք է քննեք: Արդեն 3-4 անգամ է՝ նամակով դիմում եմ նախագահին, որ խայտառակ իրավիճակ է, որ մարդկանց գլխին գործ են սարքում»:
Հրաչիկ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ իրավապահները լավ էլ գիտեն, թե ով է եղել իրական կրակողը: Մեր հարցին՝ արդյոք ինքը տեղյակ է, թե ով եղել կրակոցների հեղինակը, Հ. Խաչատրյանը պատասխանեց, թե գիտի, սակայն հրաժարվեց անուններ տալ:
Նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետի որդին հայտնվում է աղմկալի պատմության մեջ: Դեռեւս 2011թ Արկադի Խաչատրյանն իր հայրիկին պատկանող «Տեքստիլ» մարզամշակութային ակումբում կրակոցներ էր արձակել: Անդրադառնալով այս դեպքին` Հ. Խաչատրյանն ասաց, թե դա պատահական է եղել: Նա չբացառեց, որ իրավապահները որդու՝ նախկինում կատարած արարքը կապում են այս դեպքի հետ եւ նաեւ այդ պատճառով են նրան կալանքի տակ պահում.«Բայց, ախր, այս դեպքը ինչ կապ ունի նախորդ դեպքի հետ: Շիրակի դատախազ Ասլանյանն ասում է, թե տղեդ ավտոմատով առաջ սենց բաներ է արել, ես իրեն պատասխանեցի, թե ինչ կապ ունի այս գործը այդ դեպքի հետ: Ես չեմ պատրաստվում լռել, իրավապահները չգիտեմ ինչ շահագրգռվածություն են ունեցել, ինչո՞ւ են ամեն ինչ իմ տղայի գլխին սարքում, եթե ամեն ինչ կոծկեն, ողջ Գյումրին ոտքի կկանգնեցնեմ»:
Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ կրակոցներից տուժած Արտակ Անդրեասյանի հարազատների հետ, սակայն նրանք հայտնեցին, թե սիրտ ու հավես չունեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞Վ Է ԶԻՆՎԱԾ ԳՅՈՒՂ ՄՏԵԼ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչներն անհանգստացած են: Նրանց անորոշության են մատնել տարածված այն լուրերը, թե գյուղում հայտնվել են զինված մարդիկ:
Իմանալու համար ինչ է իրականում կատարվել Բերքաբերում, Armlur.am-ը կապ հաստատեց համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հետ, ով նշեց, որ իրենք էլ դեռեւս հստակ չգիտեն` ինչ է տեղի ունեցել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ երեք հոգի հայտարարել է, որ տեսել է զինված անհայտ անձանց, ովքեր շրջել են գյուղում. «Հիմա մի քանի վարկած ենք առաջ քաշում: Հնարավոր է՝ ինչ-որ գողեր են կամ ադրբեջանցիներ: Թեպետ ես ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ: Մեր տղաները շատ լավ հսկում են սահմանը: Ճիշտ է` կրակոցներ արձակվում են գյուղի ուղղությամբ, բայց սահմանն ամուր է: Հիմա իրավապահներն էլ են փորձում պարզել սրանց իսկությունը»: Արթուր Մադաթյանը հավելեց նաեւ, որ չի կարող լուրը տարածողներին միանգամայն վստահել, իսկ Armlur.am-ի հարցին` ո՞ւմ է ձեռնտու նման չար կատակ անել, գյուղապետը դժվարացավ պատասխանել: Նա հայտնեց նաեւ, որ լուրերի համաձայն՝ գյուղում գիշերը կարճ կոթով 2 ավտոմատավորներ են հայտնվել, նրանք իբր քար են նետել բերքաբերցի մի երիտասարդի վրա, թունավորել են իրենց հետեւից գնացող գյուղի մի շան եւ այլն: Մնում է սպասել` հասկանալու համար, թե ինչ կպարզի գյուղապետի եւ իրավապահների կատարած քննությունը:
ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 11-ին: Այս հարցն այսօր կլինի ՀՀ Կառավարության օրակարգում: «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է` 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը»,- ասվում է նախագծի մեջ: Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՋՈՒՐ ԲԱՑ ԿԹՈՂՆԵՆՔ
«Մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սեւանա լիճ ջուր բաց թողնել»: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Արփա-Սեւան» թունել կատարած այցելությունից հետո: «Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տեւողությամբ՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը, իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, եւ ընդունված կարգի համաձայն՝ թունելով ջուրը տեղափոխվում է դեպի Սեւանա լիճ:
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ համաներում հայտարարելու մասին լուրերը ո՛չ հերքվում, ո՛չ հաստատվում են: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ նախագահին: Այս տեղեկությունը Մայր Աթոռի մամլո դիվանից ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել: Նախագահի աշխատակազմից եւս NEWS.am-ի հարցումը ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեկ վերաքննիչ քրեական դատարանում պետք է տեղի ունենար դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Սակայն դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Armlur.am-ին հայտնել է, որ դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 21-ը: Դա արվել է, որպեսզի դերասանի՝ Ֆրանսիայում բնակվող փաստաբանները բողոք բերելու եւ արդեն դատարան բերված բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու դատավարական իրավունքներից չզրկվեն: Ամեն դեպքում, պաշտպանը վստահ է` Վ. Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի: Մինչդեռ երեկ հայտնի դարձավ, որ տուժող կողմի հաղորդման հիման վրա նոր քրեական գործ է հարուցվել բժշկական փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ: Տուժող կողմի փաստաբանը կասկածի տակ է առել 2 փաստաթուղթ՝ Եղվարդում տրամադրված Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունը եւ «Էրեբունի» ԲԿ-ից տրամադրված Վարդան Պետրոսյանի հիվանդության նկարագրության արձանագրությունը:
ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾԵՆ
Հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 թվականի ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ եւ 1113 կալանավորված անձ: Այս մասին տեղեկացրել է ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը` ԱՆ քրեակատարողական ծառայության ոլորտում 2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, կատարողականի հաշվետվությունը Կառավարությանը ներկայացնելիս: Նա նշել է, որ ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար եւ մինչ 2015 թվականի ավարտը շահագործման կհանձնվի եւս 800 դատապարտյալի համար նախատեսված հատվածը, ինչը հնարավորություն կտա լուծելու բոլոր ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը:
ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ
Այս տարվա առաջին եռամսյակին ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից ավելի քան 6400-ն արդեն դիմել է ՏԿԱԻՆ՝ պետական միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին: NEWS.am-ի հետ զրույցում ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ դիմումներից 5800-ն արդեն ուղարկվել է ռուսական կողմին: «Յուրաքանչյուր օր 50-60 դիմում ենք ստանում: Վերջին շրջանում աճել է դրական ելքերի տեսակարար կշիռը, եւ կրճատվել է քննարկումների ժամկետը: 5800 դիմումներից մոտ 3000-ը դրական ելք են ունեցել, այսինքն՝ ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է»,- ասել է Եգանյանը: