ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔՈՎ ԵՐԿՐԱՊԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործը ներկայումս գտնվում է Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում: Մեղադրյալներից մեկը «Երկրապահի» Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավար Մանվել Բատիկյանն է, որը մեր տեղեկություններով, մինչեւ ձերբակալվելը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել ԵԿՄ-ից: Նա մեղադրվում է Երեւան քաղաքում 7-8 բնակարանների սեփականության իրավունքին վերաբերող  փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու միջոցով յուրացնելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, 2008 թվականի դեկտեմբերի 29-ին Մանվել Բատիկյանն իր ծանոթ Վարդան Խաչատրյանին ավտոմեքենայով տարել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտ, մատնացույց արել շենքի առաջին հարկում գտնվող «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակի պատուհանները, նրան տվել  աքցան, դանակ ու 2 լիտր տարողությամբ բենզին : Հանձնարարել է մուտք գործել նոտարի աշխատասենյակ եւ հափշտակել նոտարի կնիքի ռետինե շերտն ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները: Սրա դիմաց խոստացել եւ վճարել է  50.000 դրամ։ Բենզին լցնելով  նոտարական կնիքի վրա, Վարդան Խաչատրյանը գողացել է նոտարական կնիքի` ՀՀ զինանշանով   թիվ 83145593 համարի ռետինե շերտն ու թիվ 2686636-ից մինչեւ 2686946 հերթական համարների ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, որոնք փակցվում են  նոտարական փաստաթղթերի հետեւում: Ըստ մեղադրական եզրակացության` Բատիկյանի  ծանոթ Նազիկ Խաչատրյանը «Գինդ» թերթից առանձնացնում է  Երեւան քաղաքում էլիտար շրջաններում  վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների վերաբերյալ հայտարարությունները, ծանոթանում Երեւանի Զաքիյան փողոցի 2-րդ շենքի 71-րդ բնակարանի սեփականատեր Նինել Միրզոյանի հետ: Իսկ  նրա հետ  վարձակալության պայմանագիր կնքելուց հետո,  վերջինից խաբեությամբ վերցնում է բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը։ Այնուհետեւ` Մանվել Բատիկյանն ու Նազիկ Խաչատրյանը, օգտագործելով Երեւանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի կեղծ կնիքն ու նոտար Գայանե Ենգիբարյանից գողացված  ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները, 2008թ. դեկտեմբերի 30-ին կազմում են իրավունք վերապահող կեղծ լիազորագիր, որով  Նինել Միրզոյանը Նազիկ Խաչատրյանին  «լիազորում է»  լինել իր ներկայացուցիչը կադաստրում, քաղաքապետարանում, պետական եւ ոչ պետական այլ մարմիններում, ստանալ վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, իր փոխարեն տալ դիմումներ, հանձնել եւ ստանալ փաստաթղթեր, տեղեկանքներ, այդ թվում անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանք, ստորագրել առուվաճառքի պայմանագիր, ինչպես նաեւ կատարել տվյալ հանձնարարության հետ կապված այլ գործողություններ։ Կեղծ լիազորագրով  Նազիկ Խաչատրյանը 2009թ. հունվարի 9-ին  կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանումից ստանում է նշված հասցեում գտնվող բնակարանի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, իսկ մի քանի օր անց` հունվարի 16-ին, Մանվել Բատիկյանն ու Նազիկ Խաչատրյանը դարձյալ Սուրեն Գրիգորյանի կեղծ կնիքով ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակներով կեղծ պայմանագիր են կազմում, ըստ որի  Նինել Միրզոյանը իր բնակարանը «վաճառել է» Նազիկ Խաչատրյանին : Պետական կադաստրի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանումից 16 մլն 300 հազար դրամ արժողության  Զաքիյանի 71-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2569080 վկայականը նրանք ստանում են 2009թ. հունվարի 27-ին: Նույն սխեմայով  Նազիկ Խաչատրյանը սեփականացնում է Երեւանի  Բաղրամյան պողոտայի 85-րդ շենքի 57-րդ բնակարանի սեփականատեր Լուսինե Փամբուխչյանի 30.800.000 դրամ արժողությամբ  բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման  թիվ 2471265 վկայականը։ Նույնկերպ փորձում են «ձեռք բերել» նաեւ Երեւանի  Անդրանիկի փողոց, 75-րդ շենքի 23.500.000 դրամ արժողությամբ Գնել Հովհաննիսյանի բնակարանը, բայց  Գնել Հովհաննիսյանի  բախտը բերում է եւ նա  տեղեկանալով, որ մի քանի օր առաջ` 2009թ. ապրիլի 4-ին Նազիկ Խաչատրյանը ձերբակալվել է, վերջին պահին կարողանում է կանխել իր  բնակարանը  նրա  անվամբ գրանցելը: Նազիկի ձերբակալությունից հետո Մանվել Բատիկյանը որոշ ժամանակ մնում է ազատության մեջ եւ այս ընթացքում նույնիսկ ավազակային կողոպուտ իրականացնում  Հակոբ Անդրեասյանի  ու Արթուր Ներսիսյանի հետ: Վերջինս համաձայնել է մասնակցել կողոպուտին` պամանով, որ իր ՝ 640.000 դրամի պարտքը չեղյալ կհամարվի։ Կողոպտվածը հնաոճ իրերի առեւտրով զբաղվող Ջրվերժ գյուղի բնակիչ Մանվել Մարգարյանն է, որից` ատրճանակի խզակոթով հարվածելուց, էլակտրահարող սարքով էլետրահարելուց հետո  հափշտակել են  6.154.970 դրամ արժողության գույք: Ահա այսպիսի խայտառակ պատմություններ:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս