Վերջին մի քանի օրերի ընթացքում միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանը՝ հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երևան այցի շնորհիվ:
Մասնավորապես, The Daily Mail-ը գրում է, որ «Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու Քլոն չորեքշաբթի օրը վայրէջք են կատարել Հայաստանում, որտեղ նրանց սպասել է ցնծության մեջ գտնվող մի հոծ բազմություն»:
Հրատարակչությունը նշում է, որ երբ ռեալիթի շոուի աստղն ու նրա ռեփեր ամուսինը վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, նրանց ողջունել է մարդկանց հոծ բազմություն, ինչից հետո քաոսային վիճակ է ստեղծվել:
Buzzfeed.com-ը գրում է.
«Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, երբ 1915-ին ավելի քան 1 միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում: Թուրքիան դեռևս հրաժարվում է ընդունել այս ցեղասպանությունը: Այսպիսով` Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամներն ուխտագնացություն են կատարում Հայաստան՝ մի քանի օր ավելի շուտ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:
TMZ-ն գրում է, որ «չնայած Քիմ Քարդաշյանի այցը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից մի քանի օր առաջ է, Քիմը հայտարարել է, որ նա պարզապես ցանկանում է առնչվել իր հայկական արմատների հետ»:
Mirror-ը ևս անդրադարձել է ամերկյահայ հեռուստաաստղի՝ ՀՀ այցին:
«Քիմ Քարդաշյանն ու Քլոն ժամանել են Հայաստան, և ինչպես և ակնկալվում էր, նրանց ողջունել է երկրպագուների մեծ բանակը: Ռեալիթի շոուի աստղը չի կարողացել թաքցնել իր հուզմունքը, երբ ժամանել է մայրաքաղաք Երևան ՝ «ծանոթանալու իր պապերի պատմության հետ»:
«Քիմ Քարդաշյանը, նրա ամուսին Քանյե Ուեսթը, նրանց դուստր Նորֆն ու Քարդաշյանի քույր Քլոն, հայրենիք ժամանելուն պես, սկսել են կիսվել լուսանկարներով»,- գրում է People-ը՝ հրապարակելով Քիմ Քարդաշյանի կատարած լուսանկարը Հանրապետության հրապակում: