Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի «պատմական» ելույթը` նվիրված Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին, դեռեւս թարմ է հանրության հիշողության մեջ: «Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով՝ ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին:
Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, եւ այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից: Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», – հայտարարել էր Ս. Սարգսյանը:
ՀՀԿ առաջնորդի այդ ելույթից հետո սկսվեցին կոնկրետ գործողություններ՝ Գ. Ծառուկյանին զրկեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամությունից, հանձնարարվեց ուսումնասիրել նաեւ Աժ մանդատից զրկելու հարցն ու, ի վերջո, սկսեցին ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում: Արդյունքում՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հայտարարել, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
Սակայն երկու ամիս էլ չանցած` Սերժ Սարգսյանը, փաստորեն, մոռացավ իր հնչեցրած գնահատականներն ու «օդում կախված» մեղադրանքները եւ «վերակենդանացրեց» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյան դերակատարին` Կոտայքի մարզպետ նշանակելով վերջինիս փեսային՝ Կարապետ Գուլոյանին, Աբովյանի քաղաքապետի ընտրություններն էլ ամբողջությամբ թողնելով Գ. Ծառուկյանի հայեցողությանը:
Այսքանից հետո այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Սերժ Սարգսյանը նախ որոշեց փնովել Գ. Ծառուկյանին` հիշեցնելով անգամ նրա մականունը. «Տարիներ շարունակ ե՛ս եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը…», իսկ որոշ ժամանակ հետո նրան նախկին դիրքին վերադարձնելուն ուղղված քայլեր անել:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին վերադառնում է քաղաքական դաշտ ու իր դերակատարությունն է ունենալու գրեթե բոլոր հարցերում:
-Պարո՛ն Շարմազանով, ինչո՞ւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «հեռացրիք» քաղաքական դաշտից ու հիմա նորից ասպարեզ եք բերում՝ վստահելով անգամ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները:
-Մենք այդ ամենի հետ կապված քաղաքական գնահատականներ տվել ենք, ավելացնելու բան չունեմ: Իսկ ինչ վերաբերում է ընթացիկ գործընթացներին, մարդու աշխատանքը գնահատել են ու նշանակել են մարզպետ, դրանք միմյանց հետ որեւէ կապ չունեն: Մենք մեր գնահատականները վաղուց ներկայացրել ենք: Ավելացնելու բան չունեմ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ