«ԵՍ՝ ՈՒՐ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՈՒՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն օրերս մամուլի ասուլիսի ընթացքում մի արտահայտություն էր արել, որը, նրա խոսքով, ճիշտ չի մեկնաբանվել: Երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր կողմից արված արտահայտությանը, որն առնչվում է քաղաքական դաշտ մուտք գործելուն, նշել է, որ ինքը պատրաստ չէ քաղաքականության ոլորտում լինել: Ալլա Լեւոնյանն անդրադարձել է նաեւ վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող հարցերից մեկին` Քիմ Քարդաշյանի այցին:

-Ալլա՛, օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի միտք եք արտահայտել, որն աղմուկ է բարձրացրել համացանցում: Կայքերն ու սոցցանցերի օգտատերերը մեջբերում են Ձեր խոսքը. «Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի, ես էլ ԱԺ-ում կլինեի»: Ըստ Ձեզ՝ ո՞րն է բուռն քննարկումների պատճառը:
-Լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում իմ խոսքը, ինչը շատ տհաճ է եւ անհարմար: Նրանք կարող են վերցնել միտքն ու ինչպես ուզեն, կներկայացնեն: Ես ո՞նց նման արտահայտություն կանեմ: Ի՞նչ է նշանակում` որ ուզենայի, կլինեի: Ես քաղաքականությունից այնքան հեռու մարդ եմ, ոչինչ չեմ հասկանում դրանից եւ ամենեւին չէի ուզենա այդ դաշտում լինել, ինչի՞ մասին է խոսքը: Ասել եմ` եթե պատրաստ լինեի. այսինքն` դրան պատրաստ չեմ, չէ՞: Ես ո՞նց կարող եմ դառնալ պատգամավոր, ես` ուր, պատգամավորը` ուր, ցանկություն էլ չունեմ:
-Այսինքն` երբեւէ քաղաքական դաշտում հայտնվելու մտադրություն չե՞ք ունեցել:
-Չէ, ամենեւին, ո՛չ հասկանում եմ, ո՛չ էլ ուզում եմ խառնվել ու չեմ կարծում, թե ճիշտ է, որ ամեն մեկն այդ դաշտում լինի: Կարծում եմ` շատերի ներկայությունն այնտեղ անիմաստ է: Քաղաքականությունը լուրջ երեւույթ է, պետք է մտքով, հոգով պատրաստ, ուժեղ լինես, ինչ-որ բաների դիմակայես: Դա զուտ մասնագիտություն չէ, պետք է պատրաստ լինես չորս կողմից հարվածներ ստանալուն:
-Մարդիկ հաճախ մտածում են, որ եթե երգչուհի Շուշան Պետրոսյանը մուտք գործեց քաղաքական դաշտ, հնարավոր է` Դուք էլ դրանից զերծ չմնաք:
-(Ծիծաղում է): Ինձ մի ժամանակ հաճախ էին զանգահարում եւ ասում, թե լսել են, որ ես էլ եմ ուզում մուտք գործել քաղաքականություն: Սկզբում ծիծաղում էի, հետո լրջացա, ապա ասացի, որ եթե այդպիսի բան լիներ, ես չէի ամաչի, կասեի:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Շուշան Պետրոսյանի` խորհրդարանում լինելու հանգամանքին:
-Նորմալ, մարդը պատրաստ է, որ այնտեղ է, ես պատրաստ չեմ նման բանի:
-Համենայն դեպս, Դուք զերծ չեք սոցիալական գործունեությունից: Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանից ի՞նչ սպասելիքներ ունենանք:
-Բարի կամքի դեսպանի իմ գործունեությունը շարունակում եմ, քանի որ վերընտրվել եմ: Վերջերս էի ՄԱԿ-ի գրասենյակում, բավական լավ ծրագրեր կան, իմ գործն է` լինել խոսնակ, ինձնից շատ բան չպետք է ակնկալել, քանի որ ներքին խոհանոցում ես չկամ, կա մի սահման, որից այն կողմ չի թույլատրվում անցնել:
-Ալլա՛, չենք կարող չանդրադառնալ Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկին` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ժամանմանը Հայաստան: Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը` ինչպե՞ս եք վերաբերվում նրա այցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
-Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ Քիմ Քարդաշյանն ամենեւին էլ հայուհու կերպար չէ, բայց եթե մի քիչ դիվանագետ լինենք, նրան կօգտագործենք մեր փիարի համար: Նրա շոուն դիտում են միլիոնավոր մարդիկ, մարդը եկել-հասել է այստեղ եւ կարող է օգնել մեզ մեր խոսքն աշխարհին տեղ հասցնելու գործում: Ավելի լավ չէ՞ օգտագործել այս հնարավորությունը:
-Եվ վերջում` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ինքներդ որեւէ ծրագրում, նախագծում ընգրկվե՞լ եք:
-«Երգ երգոց»-ի` Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ծրագրում երգել եմ «Վասպուրական» երգը, մի քանի ամիս առաջ նկարահանվել եմ փոքրիկ մի հոլովակում, որտեղ պատմել եմ իմ պապերի ու տատերի մասին, ովքեր Եղեռնի տարիներին Վանից եկածների թվում են եղել: Մի պապս, ի դեպ, Անդրանիկ Օզանյանի ազգակիցն է: Հոլովակում նաեւ փոքրիկ հատված եմ երգել «Քելե լաո» երգից: Ցեղասպանության թեմայից դուրս ունեմ մի երգ, որն ինքս եմ գրել, այն կոչվում է «Բարեւ», մտադիր եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Այն արդեն հասցրել է սիրվել, ուր մտնում եմ, ինձ ողջունում են երգիս բառերով:

 

 

 

 

 

 

21 «ԳՐԵՄՄԻ» ՍՏԱՑԱԾ ՈՒԵՍԹԸ` ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Հայաստանում ամենաքննարկվող թեման ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցն է Երեւան` 100-րդ տարելիցին ընդառաջ: Նրա հետ Հայաստան ժամանածների թվում է ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը: Պետք է նկատել, որ Քարդաշյանին Հայաստանում ընդունեցին սպասվածից ավելի բուռն կերպով, իսկ ԶԼՄ-ները պարզապես «պայթեցին» նրա մասին լուրերով:

Եթե փորձենք որոնողական համակարգերում փնտրել Քիմ Քարդաշյանի անունը, դրա կողքին կտեսնենք` ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հեռուստաաստղ, լավագույն դեպքում նաեւ` մոդել… Քարդաշյանի ամենամեծ արժանիքը մեզ համար, թերեւս, մնում է նրա ազգությունը` հայ: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ իր հետույքով հայտնի դարձած աստղն ավելի քննարկվեց Հայաստանում, քան 21 «Գրեմմի» մրցանակի արժանացած նրա ամուսինը` Ուեսթը, ով նաեւ երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր եւ դերասան է: Ուեսթի Հայաստան գալն, իրականում, պետք է որ ոչ պակաս մեծ իրադարձություն լիներ մեզ համար, այնինչ նա ոչ թե պակաս ուշադրության արժանացավ, այլ ընդհանրապես ուշադրություն չստացավ հայերիս կողմից. «Իհարկե, եթե Քարդաշյանը Հայաստան չգար, Ուեսթն էլ չէր գա. սա կարեւոր փաստ է, ամեն դեպքում, Քանյեն ամենաշատն է արժանի մեր ուշադրությանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց երգչուհի Անուշիկ Ալավերդյանը:
«Բոլորը խոսում են միայն Քիմի մասին, Քիմից են ստորագրություն վերցնում, իսկ ահա Քանյեն` այդ տաղանդավոր երաժիշտը, որ պետք է շատ ավելի հետաքրքրեր լրագրողներին, բլոգերներին ու քաղաքացիներին, փաստորեն, մղված է երկրորդ պլան, ինչն ինձ համար տարօրինակ է: Թեպետ չի բացառվում, որ Ուեսթն ինքն է իրեն մղել երկրորդ պլան: Համենայն դեպս, հետաքրքիր կլիներ լսել Քանյեի մասշտաբի երաժիշտին, իհարկե, հասկանում եմ, որ, օրինակ, նրա մասնակցությամբ մաստեր-կլաս կազմակերպելը դժվար կլիներ, բայց կուզենայի գոնե մասնակցել նրա մամուլի ասուլիսին, լսել երաժիշտին: Ես միակը չեմ, ով ցանկանում է լսել Ուեսթին, նրան հանդիպելու հնարավորություն ստանալ»,-իր հերթին մեզ հետ զրույցում նկատեց երգիչ Արթուր Ալեքը:
Ամեն դեպքում, մի կողմ թողնելով այն հարցը, թե Քիմ Քարդաշյանից ու Քանյե Ուեսթից ով է ավելի տաղանդավոր, պետք չէ մոռանալ, որ հայազգի հեռուստաաստղը սոցցանցերում ու միկրոբլոգներում ունի միլիոնավոր հետեւորդներ, եւ նրա ամեն քայլը կարող է հրաշալի փիար լինել Հայաստանի համար, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԶԲՈՍԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ապրիլի 8-ի երեկոյան Հայաստան ժամանած ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր քրոջ` Քլոեի հետ երեկ դուրս է եկել երեւանյան զբոսանքի: Նրանք եղել են Կասկադում, Հաղթանակի զբոսայգում եւ մի շարք այլ վայրերում: Ավելի ուշ Քլոե Քարդաշյանը Facebook սոցցանցի իր էջում կիսվել է «Մայր Հայաստան» հուշահամալիր այցելության տպավորություններով: «Այսօր այցելեցինք Երեւանում «Մայր Հայաստան» հուշահամալիր: «Մայր Հայաստանը» խորհրդանշում է ուժով ձեռք բերված խաղաղությունը: Այն հիշեցնում է հայոց պատմության որոշ նշանավոր կանանց, ովքեր զենք են վերցրել թուրքական զորքերի եւ քրդական անկանոն ջոկատների դեմ կռիվների ժամանակ` իրենց ամուսիններին օգնելու համար: Ուրախ եմ այստեղ գտնվել», – գրել է Քլոե Քարդաշյանը` մեջբերելով կանանց ազատագրական շարժման հիմն դարձած Հելեն Ռեդիի 1970-ականների հայտնի տողերից մեկը: Ի դեպ, Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգում մեկ այլ գրառում է կատարել, որի վերջում ավելացրել է #ShadLav (շատ լավ) հայերեն հեշթեգը:

 

ՆՎԻՐՎԵԼ Է 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչել է Գուստավ Մալերի թիվ 6-ը` «Ողբերգական» սիմֆոնիան: Համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մալերի «Ողբերգական»-ի ընտրությունը պատահական չէ: «Ողբերգական»-ն ունի թեմատիկա, եւ այս կատարումը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն է:

 

«ԲՌՆԵՑՐԵԼ ԵՆ»
Թեեւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հայտարարում է, որ միայնակ է եւ չի հանդիպում նախկին ընկերոջ` Կասպեր Սմարթի հետ, այնուամենայնիվ, լրագրողները նրանց «բռնեցրել» են Մեքսիկայում արձակուրդը միասին վայելելիս: TMZ-ն հրապարակել է լուսանկարներ, որոնցում Սմարթը, Լոպեսն ու նրա երեխաները միասին են, զույգը գրկախառնված է եւ համբուրվում է: Ըստ աղբյուրի՝ նրանք երբեք էլ չեն բաժանվել:




Լրահոս