«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին` վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին եւ այսօր պատրաստվում են Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնել: Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է: Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արեւիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռեւս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր եւ չորսամյա երեխայի մահվան հանգամանքները եւ հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին մինչ օրս որեւէ բան հայտնի չէ, ինչը նշանակում է, որ նախարարն իր խոսքի տերը չեղավ եւ հենց նա է անմիջական պատասխանատվություն կրում 6 ամսական Նարե Դավթյանի մահվան համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: