ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես եւ կինս ամուսնալուծվել ենք, եւ դատարանը որոշել է 3 երեխաների խնամքը հատկացնել նրանց մորը: Բայց ես օրինական կարգով նրանց հետ ե՛ւ հանդիպում եմ, ե՛ւ ալիմենտ եմ վճարում: Հիմա կինս նորից է ամուսնացել, եւ նրա ամուսինը ցանկանում է որդեգրել իմ երեխաներին: Բնականաբար, ես դեմ եմ եւ չեմ ուզում, որ այդ մարդը ճանաչի իմ երեխաների հայրությունը: Նա կարո՞ղ է որդեգրել իմ երեխաներին, եթե ես դեմ եմ: Արդյոք նրանք իրավունք ունեն առանց իմ թույլտվության երեխաներիս երկրից դուրս տանել: Նշեմ նաեւ, որ երեխաներն անչափահաս են:

Արտաշես Բաբայան (38 տարեկան, բանվոր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե հայրը թույլտվութուն տա, ապա այո՛, կարող են երեխաներին որդեգրել, իսկ եթե ոչ, ուրեմն իրավունք չունեն: Ճիշտ է, ծնողներն ամուսնալուծվել են, բայց հորն իր հայրական իրավունքից չեն զրկել: Երեխաներն ունեն ե՛ւ հայր, ե՛ւ մայր, ու եթե մոր ամուսինն ուզում է խնամակալություն վերցնել, ապա այս դեպքում հոր թույլտվությունը պետք է անպայման լինի: Այսինքն՝ հայրը թույլ է տալիս, որ այդ մարդը լինի երեխաների խնամակալը:
Իսկ եթե երեխաներն անչափահաս են, ապա այս դեպքում էլ հայրը պետք է թույլտվություն տա, որ կարողանան նրանց հանրապետությունից դուրս հանել, որովհետեւ անկախ նրանց ամուսնալուծությունից, նա երեխաների ծնողն է, նրանց համար վճարում է ալիմենտ, հետեւաբար իրավունք ունի երեխաներին տեսնելու, նրանց հետ հանդիպելու եւ շփվելու: Առանց իր թույլտվության ոչինչ անել չեն կարող:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ անչափահաս երեխաներին ծնողները կանգնեցրել են երկընտրանքի առջեւ, բայց լավ է, որ գոնե օրենքը թույլ չի տալիս երեխաներին բաժանել հորից՝ փոխարենը նրանց խնամքը վստահելով խորթ հորը:




Լրահոս