Թուրքական շանտաժ. ինչ են որոշում Հայաստանի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դիվանագիտական արխիվի հետեւյալ փաստաթուղթը, որը հրապարակված է «Վիկիլիքսի» կողմից, պատմում է Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ալի Բաբախանի միջեւ 2008թ. մարտի 3-ին կայացած հանդիպման մասին: Թեեւ կողմերից ոչ մեկը չի ներկայացնում Հայաստանը, հանդիպման թեման ամբողջովին առնչվում է Հայաստանի կենսական շահերին: Հարկ է նաեւ ընդգծել այս դիվանագիտական զրույցի ժամանակահատվածը, երբ նույն օրերին Երեւանում աննախադեպ իրադրություն էր ստեղծված: Նշյալ քննարկման կենտրոնական հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու դրանց վրա ներհայաստանյան իրադարձությունների հնարավոր ազդեցությունն էր:

Նախ` նկատենք, որ Բրայզայի ու Բաբախանի հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Չեվիկոզը, որը նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերությունների պատասխանատուն էր: Քննարկման ընթացքում երկուստեք կարեւորվել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հիմնահարցն ու ԼՂ բանակցություններում առաջընթաց արձանագրելու հանգամանքը: Նշվել է, որ Հայաստանի ներքին անկայունությունը կարող է դժվարություններ առաջացնել այդ ասպարեզում: Հատկանշական է այս առնչությամբ Բրայզայի հավելումը, ըստ որի՝ Երեւանում իրավիճակը վատթարացել է Ռոբերտ Քոչարյանի՝ ցուցարարներին ցրելու համար ուժային մեթոդի դիմելու անակնկալ որոշման արդյունքում: Ըստ էության, դիվանագիտական մակարդակում այսպիսի ձեւակերպումը ապացուցող վկայություն է, որ Քոչարյանի կիրառած անհարկի բռնությամբ է հրահրվել Մարտի 1-ի ողբերգությունը: Արդ, գրավոր այսպիսի վկայությունն աչքի տակ ունենալով՝ արդյո՞ք գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը չի ցանկանում վերջապես հարցաքննել Քոչարյանին:

Բրայզան արձանագրել է, որ հայության մեծ մասը կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ինչը բարդացնելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Օտար երկրների դիվանագետները փաստորեն լիովին քաջատեղյակ են եղել Սերժ Սարգսյանի՝ երկրի ներսում ունեցած լեգիտիմության դեֆիցիտից, եւ հաստատապես, հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ամեն ինչ պիտի անեին՝ նման իրավիճակից առավելագույնս օգտվելու համար: Բրայզան նաեւ տեղեկացրել է իր՝ Երեւան կատարելիք այցի ծրագրերի ու ընդդիմություն-իշխանություն երկխոսություն նախաձեռնելու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Բաբախանը հետաքրքրվել է, թե արդյոք Սերժ Սարգսյանը կարող է 3-6 ամսում ամրանալ իբրեւ նախագահ:

Բրայզան հույս է հայտնել, որ այդպես կլինի՝ հաշվի առնելով Սարգսյանի՝ հանդարտ գործելու բնավորությունն ու ընդդիմության դիրքերի սասանված լինելը: Անդրադառնալով ընդդիմությանը՝ Բրայզան նկատել է, որ Տեր-Պետրոսյանն ավելի լավ կանի՝ դադարեցնի իշխանության հետ կոշտ առճակատումը, քանզի նման իրավիճակում իր գործողություններով կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ԼՂ բանակցություններին: Ենթադրելի է, որ մի քանի օր անց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Բրայզան այս հարցերը պետք է որ բարձրաձայնած լիներ՝ առաջին նախագահի խղճին թողնելով նման կարեւորագույն հարցերի կարգավորման հեռանկարները տվյալ պահի դրությամբ: Նկատենք, որ նշյալ իրադարձություններից հետո ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում լարումը համեմատաբար թուլացավ: Մնում է եզրակացնել, որ արտաքին մարտահրավերները ուղղակիորեն ազդեցին ներքաղաքական զարգացումների վրա՝ ճնշիչ դերակատարություն ունենալով: Ի դեպ, հետաքրքիր է, որ Բաբախանի նշած 3-6 ամիսը հենց համընկնում է Սերժ Սարգսյանի՝ Գյուլին հրավիրելու ու վերջինիս՝ Երեւան այցելելու ժամանակագրությանը:

Միջազգային հիմնահարցերում այդպիսի պատահականություններ, կարծում ենք, չեն լինում:

Հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյա Չեվիկոզն էլ հայտնել է, որ իրենք չեն կարող անկայունություն հանդուրժել իրենց հարեւանությամբ ու խնդրել է Բրայզային Հայաստանում ամեն կերպ հասնել փոխզիջման ընդդիմության ու իշխանության միջեւ: Նա զգուշացրել է Բրայզային այդ փոխզիջմանը հասնել ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խաղաքարտի շահարկման միջոցով, ինչը, ըստ նրա, ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: Փոխարենը նա առաջարկել է օգտագործել այն մեսիջը, ըստ որի՝ շարունակվող հակադրությունից օգտվելու է Ադրբեջանը: Փաստացիորեն սա Հայաստանին ուղղված շանտաժ էր, որն արվում էր Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից:

Այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ Բրայզան Չեվիկոզի կամ էլ նրա նման այլ դիվանագետների զգուշացումներով չէ, որ ժամանել էր Երեւան ու միջնորդական առաքելություն իրականացրել: Բացի այդ, հաշվի առնելով, թե Հայաստանում տիրող ինչպիսի իրադրության պայմաններում էր ընթանում այս զրույցը, կարող ենք պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններին նոր զարկ տալու գործընթացը սկսվել էր ավելի վաղուց, ինչի համար հավանաբար հիմք էր հանդիսացել դեռ այդ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին ամերիկացիներին տված խոստումը:

Ինչեւէ, արձանագրելի է, որ օտարների հետաքրքրությունները փայլուն կերպով սպասարկվեցին՝ ի հաշիվ Հայաստանի ու նրա ազգային շահերի, մինչդեռ դրա դեմն առնելու համար պատասխանատու իշխանությունը մտածում էր կորսված լեգիտիմության հայթայթման մասին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս