ՇՈՒՏՈՎ ԱՂՋԻԿ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարուհի ԹԻՆԱ ՔԵՅԻՆ օրեր առաջ հանդիպեցինք մի միջոցառման ժամանակ ու շատ զարմացանք, որ գտնվելով բավական հետաքրքիր կարգավիճակում՝ Թինան դեռ աշխատում է: Զրույցից էլ պարզ դարձավ, որ հաշված ամիսներ անց Թինան մայր է դառնալու:
-Հղիությունը հիվանդություն չէ, եթե ֆիզիոլոգիադ ու առողջությունդ թույլ են տալիս, բալիկիդ էլ վտանգ չի սպառնում, ինչո՞ւ ոչ, մինչեւ վերջին պահն էլ կարող ես աշխատել: Այդպես ծննդաբերությունն էլ ավելի հեշտ կլինի, բալիկդ էլ՝ առողջ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ դա իմ վերջին համերգն էր:
-Փաստորեն, Ձեր ինքնազգացողությունն այնքան լավ է, որ նույնիսկ ձեւական նազուտո՞ւզ չեք անում:
-Մայրիկս ինձ ասում է. “Թինա՛ ջան, գոնե մեկ-մե՛կ նվնվա, նա՛զ ծախի, թե չէ մոռանում ենք, որ դու հղի ես” (ծիծաղում է-Ե. Ռ.): Սկզբում երբ պարզեցի, որ բալիկի եմ սպասում, վախենալով էի աշխատում, միանգամից թեթեւացրի ծանրաբեռնվածությունս, բայց հետո կրկին սկսեցի նորմալ հունով աշխատել: Ինչպե՞ս կարող ես բոլորին ասել՝ կներեք, ես էլ չեմ պարում: Օրվա մեծ մասը ռեժիմով պառկում էի, երեկոյան գնում աշխատելու:
Աստծուն փառք, ամեն ինչ թեթեւ է ընթանում: Հիմա արդեն 7-րդ ամիսն է մեզ մոտ, ու դեռ ինքնազգացողությունս լավ է:
-Ձեր ամուսնու կողմից արգելքներ չկա՞ն:
-Միակ արգելքը, որ չհամարձակվեմ կրակներով աշխատել, մեկ էլ օդային ակրոբատիկայով չզբաղվեմ:
-Նույնիսկ այս կարգավիճակում չեք դադարում աշխատել, կարելի է Ձեզ կարիերիստ համարել:
-Ես միշտ ասել եմ՝ ինձ համար երկուսն էլ անհրաժեշտ ու կարեւոր են, ո՞ր մատը կտրես` չի ցավի: Էնպես որ, չեմ պատրաստվում թողնել ո՛չ իմ ընտանիքը, ո՛չ իմ արվեստը: Մեկն իմ արյան շարունակությունն է, մյուսը՝ իմ հոգու: Դրանք մեծ կարեւորություն ունեն ինձ համար: Պետք է սիրես ու վերաբերես քո աշխատանքին այնպես, ինչպես ընտանիքիդ եւ ընդհակառակը: Ես իմ աշխատանքն անելու եմ, քանի որ դա իմ գոյատեւման միջոցն է: Առաջին հերթին դա իմ ֆինանսական կողմն է, ու եթե ես կամ ամուսինս չաշխատենք, դժվար թե կարողանանք պահել մեր բալիկին: Ես հաշվապահ կամ մեկ այլ մասնագետ այլեւս չեմ կարող դառնալ: Իմ 32 տարիներից 29-ը նվիրել եմ պարին, բեմին, ծնվել-մեծացել եմ բեմում, ուրիշ ոչինչ անել չեմ կարող: 
Ես սա եմ սիրում, սա նաեւ իմ ապրուստի միջոցն է: Հետեւաբար, եթե հրաժարվեմ իմ գործից, նստեմ տանը, հոգսերն ավելի կշատանան, իսկ  ես ուզում եմ, որ իմ բալիկն առողջ մթնոլորտում մեծանա ու ոչ մի բանի պակաս չունենա: Ծնվելուց հետո էլ չեմ պատրաստվում տանը նստել, երեխան մի օր ինձ հետ կգնա աշխատանքի, մի օր պապայի: Մեզ նայելով էլ կորոշի` ինչ է դառնալու:   
-Սովորաբար ծնողները դեմ են լինում, երբ իրենց զավակներն ընտրում են իրենց ուղին: 
-Պարուհի լինելը բարդ բան է: Պետք է կարողանաս լավ պարուհի լինել, իսկ դրա համար հարկավոր է օրական 6-ժամյա քրտնաջան աշխատանք, մարմնի անվերջ կապտուկներ, էնպես որ, պարելն այնքան էլ հեշտ բան չէ: Բալիկիս էլ ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, ինքը կորոշի:
-Արդեն գիտե՞ք բալիկի սեռը:
-Իհարկե, մենք աղջիկ ենք սպասում: 
-Համամի՞տ եք այն կարծիքին, որ մայրանալը գերագույնն է, ինչ կինը կարող է անել:
-Ամեն դեպքում, յուրաքանչյուր կին ծնված է մայրանալու համար, դա շատ անհատական մոտեցում է: Երբ ասում են՝ մարդու գործն է անմահ, մի քիչ չեմ համաձայնում, ինձ համար մարդու արյունը` շարունակությունն է անմահ: Այս ընթացքում այնքան նոր բաներ եմ իմացել, որ նախկինում չգիտեի: Ոչ միայն ինտերնետի միջոցով եմ ծանոթանում, այլեւ հոյակապ գրքեր ունեմ, մայրս սովետի ժամանակներից պահել է: Ասեմ՝ ցնցված եմ: Շատ ճիշտ ռուսական  ասացվածք կա. “Всю жизнь учись, все равно дураком умрешь”: Ամենայն անկեղծությամբ, այս կարգավիճակում այնքան նոր բաներ եմ բացահայտում ինքս ինձ համար: Երեխաները հրաշք են, ինչքան շատ` այնքան լավ: Ես մինիմում երկուսն ունենալու եմ, մնացածը` Աստված ինչքան կտա:
-Շատերը նաեւ ֆինանսական խնդիրներից ելնելով են խուսափում մեկից ավելի երեխա ունենալ:
-Ի սեր Աստծո, ես կոլեգաներ ունեմ, որ բացարձակապես չունեն եւ ոչ մի ֆինանսական խնդիր, բայց մեկից ավելի երեխա չեն ուզում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս