ՀԱՆՔԱՏԻՐՈՒՀԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա սեպտեմբերին, նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի պահվածքի շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց ընդունել հակահայկական մի փաստաթուղթ: Եւ այսօր արդեն ստիպված ենք արձանագրել, որ ԵԽԽՎ նստաշրջանում քննարկելու համար շուտով կպատրաստվի մի զեկույց` այսպիսի վերնագրով. «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»: Հիշո՞ւմ եք՝ այս թեմայի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այն աստիճան անթույլատրելի պահվածք էր դրսեւորել` փորձելով սպառնալ ներկաներին, որ դրա արդյունքում հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս էին հրավիրել, եւ փաստաթուղթն ընդունվել էր առանց մեր մասնակցության: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մայիսին զեկույց-նախագծի հեղինակը` ԵԽԽՎ անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վալտերը, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով, կայցելի Հայաստան` փաստաթղթի առնչությամբ փաստեր հավաքելու: Իսկ մինչ այդ, նույն աղբյուրների համաձայն, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ապրիլի 20-ից 24-ը մասնակցելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին: Սա թերեւ Նաղդալյանի վերջին հնարավորությունն է՝ ուղղելու իր սխալը` փորձելով կանխել նման զեկույցի պատրաստումը կամ նվազագույնը հասնելու այն բանին, որպեսզի գոնե փաստաթղթի վերնագիրը փոխվի: Իսկ եթե նրան չհաջողվի այդ անել, ապա բարոյականության նշույլ ունենալու դեպքում անգամ նա պարտավոր է հրաժարական տալ եւ գնալ տուն` շարունակելով զբաղվել իր բիզնեսներով: Այդ դեպքում նա Հայաստանին գոնե միայն ֆինանսապես կվնասի, ոչ թե նաեւ հեղինակությունը ոտատակ տալով: Ծիծեռնակաբերդում կազմակերպած խրախճանքն արդեն բավական է մեզ:

 

 

 

 

Գազի եւ էլէներգիայի սակագները զսպելու ու սպառողների շահերը հաշվի առնելու միակ մեխանիզմը, ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքն է: Սակայն վերջերս հրապարակված փաստերը վկայում են այն մասին, որ այս մարմինն ի վիճակի չէ սակագների բարձրացումները կանխել: Արդեն լուրեր կան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին` էլէներգիայի սակագինը 6 դրամով թանկացնելու առաջարկով: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` ասելով, որ նման հայտ դեռ չեն ստացել, եւ երբ ներկայացվի, կքննարկեն եւ իրենց որոշումը կկայացնեն: Բայց նա նաեւ ասել է. «Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, եւ նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները` ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը»: Այլ կերպ ասած՝ սակագնի բարձրացումն ընդամենը ժամանակի հարց է:

 

 

 

 

Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման ժամանակ այս տարի մի նոր երեւույթ է սկսել ի հայտ գալ` հիմնականում փչացող ապրանքների դեպքում. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ռուսական կողմի գործարարները, կամ այլ կերպ ասած՝ գնորդ կողմը, շուկայականից մի քանի անգամ ցածր գին է առաջարկում հայկական ապրանք արտահանած ընկերություններին` համոզված լինելով, որ հայ գործարարը ստիպված է լինելու համաձայնել ցանկացած պայմանի: Բանն այն է, որ հայ գործարարները չեն կարողանում Ռուսաստանի տարածքում ավելի բարձր գնով իրացնել իրենց ապրանքը (ռուս գործարարները, ըստ ոլորտների, գործում են խիստ համաձայնեցված), ՌԴ-ի հարեւան երկրներ էլ չեն կարողանում տանել (ԵՏՄ-ի անդամակցությունից հետո այդ գործընթացը անչափ բարդացել է), ուստի մնում է Հայաստան չվերադառնալու համար համաձայնել ցանկացած պայմանի: Այս գործելաոճի արդյունքում գրեթե զրոյական մակարդակի է հասել ՀՀ-ից դեպի ՌԴ ապրանքաշրջանառությունը: Եւ այն խոստումը, թե ԵՏՄ մտնելով՝ մեծ շուկա է բացվում, «քամի տատանելու» պես մի բան էր:

 

 

 

 
Իշխող ՀՀԿ-ն դեռ չի շտապում հայտարարել, թե Աբովյանի քաղաքապետի թեկնածուի հարցում ինչ դիրքորոշում ունի. ում է առաջադրելու կամ սատարելու: Իսկ այս ընթացքում «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի` Պալաչի շրջապատը ներկայացնող անձինք սկսել են լուրեր տարածել, ըստ որի՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից ՀՀԿ-ն հենց նրան է սատարելու: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ կազմակերպչական գործերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, իրենց կուսակցությունն ում թեկնածությունն է սատարելու Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Պարզվեց` Պալաչը սուտ լուրեր է տարածում: «Երբ որ ԿԸՀ-ն օրը կնշանակի, այդ ժամանակ էլ մենք սահմանված ժամկետներում որոշում կընդունենք»,-պատասխանեց Թադեւոսյանը: Մեր ճշտող հարցին` ՀՀԿ-ն սատարելո՞ւ է Արթուր Հարությունյանին, Թադեւոսյանը հապշտապ պատասխանեց՝ ոչ, ոչ, եւ անջատեց հեռախոսը:

 

 

 

 

ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի կողմից 1915թ.-ին կատարվածը 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն կոչելը, ինչ խոսք, շատ կարեւոր քայլ էր: Թերագնահատել դրա նշանակությունը, դժվար է, բայց եւ գերագնահատելն էլ ճիշտ չէ: Հռոմի պապի հայտարարությունից հետո արդեն 2 օր է` մեր ողջ էլիտան անասելի հրճվանքի մեջ հայտարարում է, թե Պապի այս ուղերձը «ձնագնդիի էֆեկտ» է ունենալու, «բեկումնային է լինելու» եւ «ցունամիի նման քանդելու է ժխտողականության պատնեշը», այնինչ` այդ նույն ընթացքում Թուրքիայի հիստերիկ արձագանքի պրոգրեսիան դրսեւորվում է ոչ միայն արդեն այդ երկրի նախագահի մակարդակով, այլեւ արտահայտվում է այլ գերտերությունների եւ միջազգային կազմակերպությունների զգուշավոր արձագանքներով:
Ինքը` Էրդողանը, Ֆրանցիսկոս 1-ի հայտարարությունը երեկ որակել է որպես «զառանցանք»: «Ես ուզում եմ զգուշացնել Պապին այլեւս չկրկնել այս սխալը եւ դատապարտում եմ նրան».- ասել է նա: Դրան ի պատասխան` Իտալիայի ԱԳ նախարար Պ. Ջենտիլոնին բավականին ծամծմված եւ զգուշավոր հայտարարություն է արել.«Թուրքիայի իշխանությունների կոշտ արձագանքն, իմ կարծիքով, արդարացված չէ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցածն արդեն անվանել է «Ցեղասպանություն»», – ասել է նա` այդպիսով, ըստ էության, արդարանալով, թե Էրդողանի ասած «զառանցանքի» հեղինակը նախորդ պապն էր: Մինչդեռ կաթոլիկների հոգեւոր առաջնորդի հասցեին այս օրերին թուրքական իշխանավորների հնչեցրած ցինիկ եւ վիրավորական հայտարարությունները, թվում էր, պետք է որ այլ արձագանքի արժանանային` առնվազն իտալական կողմից:
Ուշագրավ է, որ թուրքական հաթաթաներից ընկրկել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նրա խոսնակը հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915 թ. հայերի հալածանքները դաժան հանցագործություն է համարում, դրա հետ մեկտեղ չի շտապում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել»:
Ոչ պակաս հետաքրքիր էին նաեւ ռուսական լրատվամիջոցների շեշտադրումներն առ այն, որ Պապի հայտարարությունը տեղին չէր եւ էլ ավելի կդժվարացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ու թեեւ ՌԴ պաշտոնական շրջանակներից որեւէ արձագանք դեռ չկա, սակայն ռուսական մեդիայի շեշտադրումներն ինքնին արդեն բավականին խոսուն են: Դե, իսկ Գերմանիայի կառավարության խոսնակ Ք. Վիրցն ընդհանրապես կարճ է կապել` հայտարարելով. «Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում միջամտել այս խնդրին: Սա մի հարց է, որով պետք է զբաղվեն փորձագետներն ու պատմաբանները»:
Այնպես որ, առայժմ մեր ակնկալած «ձնագնդիի կամ ցունամիի էֆեկտը» չի երեւում, փոխարենը տեսանելի է պետությունների ձգտումը` չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:




Լրահոս