Այսօրվանից անցնում ենք արտակարգ ծառայության. չհանդուրժել ցանկացած իրավախախտում. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ: Քննարկվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:

Վլադիմիր Գասպարյանն առանձին-առանձին անդրադարձավ աշխատանքի բոլոր ոլորտներին՝ կարևորելով, մասնավորապես, բացատրական աշխատանքը սպասարկման բնագավառի աշխատողների, հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայությունների վարորդների, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով հասարակության աջակցությունը բոլորիս համար պատասխանատու այս օրերին աշխարհին իսկապես հայ ու հայեցի ներկայանալու համար:
Անկասկած, առանձնահատուկ է ոստիկանության պատասխանատվությունը:

Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անել առավելագույնը երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականացնել անթերի ցերեկային և գիշերային ծառայություն, առկա տեխնիկական միջոցներով և ոստիկանի պրոֆեսիոնալ պատրաստականությամբ ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում և դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անհրաժեշտ աշխատանք տանել համայնքներում, ձեռնարկել բոլոր միջոցները անցանկալի դեպքերից և արտակարգ իրավիճակներից զերծ մնալու համար:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց առանձնակի ուշադիր լինել արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների, վերակարգերի, ճանապարհային ոստիկանության պարեկախմբերի մասնագիտական պատրաստականությանը, արտաքին տեսքին, նրանց անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովելու և բազմաթիվ այլ խնդիրների, որոնց լուծմամբ է պայմանավորված ոստիկանության միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների անխափան իրականացումը:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ առաջիկա օրերին ոստիկանությունում գործելու է համակարգող շտաբ, որը կվերահսկի աշխատանքի բոլոր ուղղությունները և կապահովի ստորաբաժանումների հստակ փոխգործակցություն, ինչը ոստիկանությանն առաջադրված խնդիրների իրականացման գրավականն է:

 




Լրահոս