ԹԻԿՆԱԶՈՐՆ ԱՐԴԵՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ ՀՀ-ն “մաքրելու” է թիկնապահներից, քանի որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրամայել է, որ քաղաքում թիկնապահներով կամ մի քանի մեքենաների ուղեկցությամբ չշրջեն: “Ժողովուրդ”-ը զրուցեց ԱԺ մի քանի պատգամավորների հետ՝ պարզելու, թե ինչ են անելու առանց թիկնազորի: 
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Կիլիկիայի Հակոբ)
-Պարո՛ն Հակոբյան, Դուք թիկնազոր ունե՞ք:
-Իհարկե ունեմ:
Իսկ տեղյա՞կ եք, որ օրենքով արգելվում է թիկնազոր ունենալ:
-Իմ թիկնազորն իմ հայ ժողովուրդն է ինչքան որ կա, ինչքան են՝ երկո՞ւ, թե՞ 3 միլիոն, բոլորն էլ իմ թիկնազորն են, քանի որ իրենք բոլորն էլ ինձ են պաշտպանում:
-Իսկ ավելի լո՞ւրջ: 
-Աստված չանի, որ ես ՀՀ-ում կամ ամբողջ աշխարհում թիկնապահներով ման գամ: Եթե ես թիկնապահներով ման գամ, ուրեմն ինչ-որ վտանգ եմ սպասում: Բայց ես թիկնապահ չեմ պահել, չեմ պահում եւ համոզված եմ, որ չեմ էլ պահելու:
-Ո՞ւմ հետ եք ԱԺ գալիս: 
-Իմ վարորդը գալիս է, ԱԺ-ում տեղ է պահում իմ մեքենայի համար, ես, իմ մեքենայի ղեկին նստած, գալիս եմ խորհրդարան ու կանգնեցնում իմ մեքենան: Հետո դուրս եմ գալիս, նստում ղեկին ու գնում, իմ հետեւից ոչ մեկը չի գալիս է եւ չի էլ գալու: Ես վարորդ ունեմ, բայց ես եմ իմ մեքենան վարում:
-Իսկ վտանգավո՞ր չէ քաղաքում միայնակ շրջելը: Ի վերջո, ԱԺ պատգամավոր եք, գործարար: 
-Ես անգամ երբ գնում եմ իմ ընտրատարածք, որտեղ կան գյուղեր, որ 300 մ են հեռու սահմանից, այնտեղ էլ չեմ վախենում եւ իմ մեքենայով եմ գնում, կոնկրետ Չինարի գյուղի մասին է խոսքը: Եթե ես թուրքերից չեմ վախենում, հայերից, բնականաբար, վախենալու որեւէ խնդիր չունեմ: Ում ճակատին ինչքան գրված է, այնքան էլ կապրի:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Պարո՛ն Գասպարյան, Դուք դեռ շարունակո՞ւմ եք թիկնազորով շրջել քաղաքում:
-Չէ՛, թիկնազոր չունեմ, բայց այսօր տեսնում ենք՝ երկրում ինչեր են կատարվում: Ինձ թվում է, որ պետք է ունենալ, իհարկե ոչ բոլորը, որոշակի մարդիկ: Իմ անձնական փորձից ելնելով եմ ասում, որ պետք է ունենալ:
-Այսինքն՝ հիմա Դուք թիկնազոր ունե՞ք: 
-Քաղաքում շրջում եմ, բայց ոչ թիկնազորով, վարորդի հետ եմ:
-Ինչո՞ւ: 
-Ավելորդ գլխացավանքների համար: 
-Ի՞նչ գլխացավանք: 
-Լսեցի, որ օրենքով թիկնապահ ունենալու դեպքում նա պետք է մեքենայի մեջ լինի: Ես իմ վարորդին եմ վստահում եւ վերջ: Միասին ենք շրջում քաղաքում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
-Պարո՛ն Գեւորգյան, թիկնազոր ունե՞ք:
-Ո՛չ, ես թիկնազորի կարիք չունեմ:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր այն գործընկերներին, որոնք թիկնազորով են շրջում:
-Ոչ դրական:
-Բայց ինչո՞ւ, օրենքը թույլ է տալիս թիկնազոր ունենալ: Չե՞ք ցանկանում օգտվել այդ հնարավորությունից: 
-Ինչի՞ համար:
-Շատերն ասում են, որ թիկնապահներով շրջելը ճիշտ է. մահափորձի դեպքերը շատ են: 
-Դե դրա համար էլ մենք ԱԺ-ում ենք, որպեսզի ստեղծենք այնպիսի իրավական երկիր, որ ոչ ոք վտանգ չզգա՝ ապրելով Հայաստանում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
-Պարո՛ն Նուշիկյան, օրենքով արգելվել է շրջել թիկնապահների հետ, Դուք այդ ամենին ինչպե՞ս եք վերաբերում:
-Ես թիկնապահ չունեմ եւ շատ դրական եմ վերաբերում, որ արգելվել է:
-Մարդիկ ասում են՝ վտանգավոր է միայնակ շրջել:
-Թող դիմեն համապատասխան մարմիններին: Եթե վտանգ են տեսնում, իրենց թիկնապահներ կտրամադրեն:
Հ.Գ. Քանի որ Ս. Սարգսյանը հրահանգել է մաքրել երկիրը թիկնապահներից, բոլոր ազգընտիրները միաբերան ասում են, թե թիկնազոր չունեն, չեն ունեցել եւ այլն: Մինչդեռ նախկինում նրանցից ամեն մեկն առանց հաստավզերի ուղեկցության սենյակից սենյակ չէր գնում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս