Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ուսուցչի օրվա” առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժների:Մանկավարժներին ուղղված շնորհավորական խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կրթության դերն ու նշանակությունը պետության կայացման ու զարգացման գործում` ընդգծելով, որ կրթված հասարակությունը յուրաքանչյուր պետության ամրության ու հզորության երաշխիքն է։
“Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, գործ չէ, նվիրում է, անձնվեր աշխատանք, որի համար ներկայիս, երեկվա ու վաղվա սերնդից՝ շնորհակալություն: Շնորհակալություն քաղաքացի ու զինվոր ձևավորելու համար: Շնորհակալություն նաև սփյուռքի ուսուցիչներին, որոնցով կայանում են հայրենասեր հայորդիներ` ի փառս հայրենիքի: Վստահ եղեք, որ դպրոցը, ուսումնական հաստատությունները, կրթությունն ու կրթական համակարգը եղել ու մնում են քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում”,- նշել է Տարոն Մարգարյանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` քաղաքապետը մաղթել է քաջառողջություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ կարևոր ու պատասխանատու աշխատանքում:
Երևանի քաղաքապետի որոշմամբ` “Ուսուցչի օրվա” կապակցությամբ Երևանի նախադպրոցական և հանրակրթության ոլորտում ունեցած երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև երեխաների կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 89 մանկապարտեզի տնօրեն Թամարա Հարությունյանը, Նոր Նորք վարչական շրջանի հ. 109 մանկապարտեզի տնօրեն Մարո Աբրահամյանը, Աջափնյակ վարչական շրջանի հ. 146 դպրոցի տնօրեն Ազգուշ Դիլբարյանը, Էրեբունի վարչական շրջանի հ. 160 դպրոցի դասվար Ելիզավետա Բալյանը, Ավան վարչական շրջանի հ. 177 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի մասնագետ Հասմիկ Միտոյանը:
“Ուսուցչի օր” մասնագիտական տոնի կապակցությամբ երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած վաստակի համար` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով են պարգևատրվել նաև քաղաքապետարանի ենթակայության Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Սուքիասյանը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Տիգրան Տողրամջյանը: “Ուսուցչի օրվա” կապակցությամբ նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ու արվեստի դպրոցների թվով 34 մանկավարժներ էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բարեմաղթանքների և գնահատանքի համար` մանկավարժներն իրենց հերթին նշել են, որ անշահախնդրորեն շարունակելու են աշխատանքն ու մեծ նվիրումով իրենց նպաստն են բերելու հայեցի սերունդ կրթելու գործում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն