«Հարգարժա՛ն նախագահ.
Արդեն կես տարի է` հույսով սպասում եմ, որ անաչառ կգտնվեք ու կկատարեք Ձեր տղամարդու խոստումը, որն ինձ տվել եք 2012թ. մարտի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում:
Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի մոտ, ճեղքելով անվտանգության աշխատակիցների պատնեշը, մոտեցա Ձեզ եւ խնդրեցի ծառայողական քննություն նշանակել եւ ուսումնասիրել իմ երեք անչափահաս, անմեղ երեխաների նկատմամբ դատարաններում կայացված վճիռները: Դուք ինձ հնարավորություն տվեցիք արտահայտվել ու շա՜տ բարի ժպիտով երկու անգամ խոստացաք անձամբ կարդալ իմ նամակը՝ որպես հայ մարդ, երկրի նախագահ եւ որպես տղամարդ: Խոստացաք ոչ միայն անձամբ կարդալ, այլեւ անձամբ պատասխանել:
Դուք ինձ խաբել եք Ձեր սուտ խոստմամբ, քանի որ վեց ամիս է անցել, եւ Ձեզանից ոչ մի պատասխան չեմ ստացել: Իմ երկու անչափահաս տղաները մեղադրվում են իրենց սեփական մորեղբորը, ասել է թե` իմ եղբորը սպանելու մեջ: Այդ նույն դաժանության մեջ մեղադրվում է նաեւ եղբորս դեռահաս տղան: Այնինչ դատական առաջին փորձաքննությունը պարզել է, որ եղբայրս մահացել է սրտի հիվանդությունից:
Սակայն հետագայում դատաբժշկական փորձագիտական թիվ 855 եզրակացության հիման վրա 2008թ. օգոստոսի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով հաստատվել է, որ եղբայրս՝ Հարություն Գալստյանը, իբր մահացել է գլխուղեղի պարանոցային հատվածի կենսական կարեւորագույն ֆունկցիայի սուր խանգարումից: Դա հիմք ընդունելով` դատարանը դատապարտել է մեր երեխաներին 5-ական տարի ազատազրկման: Հարկ է նշել, որ փորձաքննության այդ փաստաթուղթը գոյություն չունի եւ հետեւաբար, չի կարող իրավական հիմք հանդիսանալ դատական որոշումների համար:
Ես իմ դիմումով Ձեզնից պահանջել էի, որ Դուք քրեական հայց ներկայացնեք գոյություն չունեցող դատական ակտերով հաստատված փաստաթղթի հիման վրա դատական գործի վճռի վերանայման համար, բացահայտեք դատավորների կողմից այս պաշտոնական կեղծիքը: Հավատացե՛ք, որ այս փաստաթուղթը մտացածին է, սուտ տեղեկություն է եւ դատական ակտերում մտցվել է շահադիտական նպատակով:
Հարգարժա՛ն նախագահ, այս կեղծ հանգամանքը հիմք է հանդիսացել, որպեսզի իմ երեխաներին անակնկալ կերպով դատարանի դահլիճից ձերբակալեն եւ ազատազրկեն 5 տարի ժամանակով:
Խնդրում եմ պարզել, թե ում անձնական կամ խմբակային շահերից է ելնում դատարանների այս հանցավոր գործունեությունը: Գաղտնիք չէ, որ ներկայիս իշխող բոլոր ատյանները՝ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը եւ ՀՀ քննչական վարչությունը, կաշառվում են:
Պարո՛ն նախագահ, ակնկալում եմ Ձեզանից պատասխան, Ձեր լռությունը անտրամաբանական է: Ձեր արհամարհական պահվածքը, սուտ խոստումը հարիր չեն երկրի նախագահին»:
ՀԱՐԻՐ ՉԷ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
քաղաքացի ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ