Երիտասարդ երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ մի քանի ամիս լռության մեջ էր, իսկ թե ինչ էր պատահել, ինչով էր զբաղվում, պարզեցինք զրույցի ընթացքում:
-Ամբողջ տարիս աշխատանքային է եղել. հուլիս ամիսը համերգների մեջ էի, գնացել էի Իսպանիա, Աշխաբադ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ… Հյուրախաղերից բացի, Տիգրան Հարությունյանն ինձ համար Իսպանիայում տեսահոլովակ է նկարել` «Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում»: Մոտավորապես մեկ ամիս հետո կթողարկվի նաեւ իմ ձայնասկավառակը:
Այնպես որ, պարապ չէի, սպասում էի` ասելիք ունենամ, որ ներկայանամ: Չէի ուզում եթերում նստել, պատմել, ուզում էի փաստերով խոսել:
-Իսկ ո՞վ է օգնում իրականացնել այս ամենը:
-«Դուետրո» ստուդիայի Էդգար Ալեքսանյանը, Գրիգոր Թոփչյանը, փորձում ենք թիմով աշխատել, թե ինչպես կգնահատեն մարդիկ, պարզ կլինի ձայնասկավառակը լույս ընծայելուց հետո: Բավական բարդ է առանց պրոդյուսեր աշխատելը:
-Ձայնասկավառակ թողարկելը ոչ միայն ուժ ու եռանդ է պահանջում, այլեւ մեծ գումարներ: Որտեղի՞ց Ձեզ այդքան ֆինանսական միջոցներ:
-Եթե հիշում եք, 2010թ. ես մասնակցել եմ «Սլավոնական շուկա» միջազգային մրցույթին ու զբաղեցրել 2-րդ տեղը: Էնտեղ կա միջպետական ֆոնդ` կոչվում է Մոսկովյան ֆոնդ, ու իրենց մրցանակը եղել է գումարի տեսքով, որպեսզի ես կարողանամ ալբոմ ձայնագրել: Այդ գումարի հաշվին եմ կատարել որոշ աշխատանքներ, դե մի ամբողջ ձայնասկավառակի գումար չէր բավականացնի: Դրա հետ մեկտեղ ես ունեմ իմ կողքին լավ ընկերներ, որոնք ինձ երգեր նվիրեցին:
-Երբ ամիսներ առաջ Ձեզ հետ զրուցում էի, ասացիք, որ միայն Գաֆեսճյան կենտրոնի ջազ երգչախմբում եք աշխատում ու նաեւ նշեցիք, որ ակումբում աշխատելը «Ձերը չէ»: Մինչդեռ հիմա «Jose» ակումբում ու «Նարեկ» ռեստորանային համալիրում եք աշխատում: Ինչո՞ւ մտափոխվեցիք:
-Մտափոխություն չեղավ, ցավում եմ, որ հիմա չեմ հաճախում Գաֆեսճյան կենտրոնի երգչախումբ, դա անձնական խնդիր է, ընդհանրապես կապ չունի թե՛ իմ, թե՛ օրկեստրի հետ, այդտեղ մեկ ուրիշ անձի խնդիր կա: Ճիշտ եք, հիմա աշխատում եմ ակումբում, ասեմ ավելին, երգում եմ նաեւ 6/8-ային պարային երգեր, որպեսզի գումար վաստակեմ եւ ունենամ գոնե մինիմալը, որ կարողանամ թեկուզ իմ հետագա պլաններն իրականացնել: Առանց գումարի անհնար է առաջ գնալ:
-Ամիսներ առաջ ասում էիք, որ ջազ ոճի մեջ եք Ձեզ լավ զգում:
-Հիմա էլ եմ այդպես ասում, երբեմն նույնիսկ կատակով եմ բեմ դուրս գալիս, երբ պետք է կատարեմ այդ պարային երգերը, բայց այլ ելք չկար, ես ինձ շատ ստիպեցի, որ սկսեմ 6/8 երգել: Երբ առաջին անգամ պետք է երգեի, խայտառակ հուզված էի, մտածում էի՝ չի ստացվի, ես ջազային երգչուհի եմ, եկել ուրիշ բան եմ երգում: Հարցը նաեւ այն է, որ մարդիկ հիմնականում աշխույժ, ռիթմիկ երգեր են ուզում լսել, նրանք գալիս են լիցքաթափվելու: Շատ ծանր բան եմ ասում ինձ համար, բայց քանի դեռ չունեմ պրոդյուսեր ու հովանավորներ, ես իմ արդար գումարն եմ վաստակում այս կերպ, որեւիցե վատ բան չեմ անում:
-Վերջիվերջո, բոլորն էլ գումար վաստակելու համար են երգում:
-Իմ կողքին կան մարդիկ, որոնք նաեւ հաճույքի համար են երգում, ու այդ երգերը պահանջված չեն, կարող են այսօր լինել աշխատավայրում, վաղը` ոչ: Իսկ ես չեմ կարող կորցնել իմ աշխատանքը, պետք է ստաբիլ երգեմ այն, ինչը պահանջարկ ունի: Արդեն 8 ամիս անդադար աշխատում եմ` ամեն օր, առանց հանգստի: Մի փոքր հոգնում եմ, բայց քանի որ երիտասարդ եմ, փորձում եմ աշխատել, ինչքան որ ուժերս կներեն:
-Դուք սկսնակ կատարող չեք, մի քանի տարի է, ինչ այս ոլորտում եք, բայց մի քիչ դանդաղ եք առաջ գնում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր ճանապարհին խնդիրներ շատ են լինում:
-Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է: Սկզբում կայանալու խնդիր կար, հեռուստաընկերությունները պետք է ինձ ճանաչեին: Հիմա այդ խնդիրը չկա, ես շնորհակալ եմ բոլոր այն լրատվամիջոցներից, որոնք ինձ ճանաչում են ու իրենց իսկ առաջարկով հնչեցնում իմ երգերը:
-Անվճա՞ր:
-Ես չեմ պատրաստվում գումար վճարել, երբեւէ դա չեմ արել ու չեմ էլ անի, դա իմ կողմից մեծ հիմարություն կլինի: Ես այսքան տարի աշխատում եմ ինքս ինձ վրա, որ պրոֆեսիոնալ դառնամ, ինչո՞ւ պետք է իմ հանրապետությունում վճարեմ, միայն այն բանի համար, որ լավ բա՞ն եմ ուզում մատուցել: Ես կարիք չունեմ անընդհատ եթերում երեւալու:
-Բայց հրավերներ ստանո՞ւմ եք:
-Հայաստանում չկա այնպիսի մի նախագիծ, որտեղից հրավեր չստանամ, պարզապես կան խնդիրներ, զբաղվածությունս, հետո էլ ձայնալարերիս հետ խնդիր կար, բուժվում էի: Չեմ մասնակցել, բայց հիմա հասկանում եմ, որ արդեն պետք է սկսեմ երեւալ եթերով, որովհետեւ մարդիկ մոռանում են:
-Իսկ աշխատանքից դուրս ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Աշխատանքս այնքան ծավալուն է՝ նույնիսկ ընկերներս են ինձանից նեղանում, որ շատ բաներ չեմ հասցնում: Բայց հետս գիրք եմ վերցնում ու ակումբում կարդում:
-Ստացվո՞ւմ է այդ աղմուկի մեջ:
-Դժվարությամբ, բայց ես ականջակալներով լավորակ բարձր երաժշտություն եմ միացնում ու սկսում կարդալ:
-Անձնականի մասին ի՞նչ կասեք:
-Դեռ ոչ մի նորություն չունեմ:
«ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՎՃԱՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ