Արդեն 5 տարի է, ինչ Նոյեմբերյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտն ավերակ վիճակում է: Խաղադաշտի կառուցապատման աշխատանքների վերջը չի երեւում: 2007 թվականից մինչեւ հիմա Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար պետբյուջեից ծախսվել է 165 միլիոն դրամ: Այդ գումարով Իջեւանի ,Հայկ եւ որդիներե արտադրական կոոպերատիվը փոքր-ինչ ընդլայնել է մարզադաշտի տարածքը, 2 հենապատ կառուցել, խաղադաշտը ոռոգելու համար խողովակներ անցկացրել, կառուցել երկհարկանի կառույց, որտեղ ֆուտբոլային թիմերի համար նախատեսված հանդերձարանները եւ երկու փոքր մարզադահլիճներն են: Մարզադաշտի վերակառուցումն արդեն 5 տարի ձգձգվում է: Դրա հետեւանքով ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանդես եկող Նոյեմբերյան քաղաքի մանկապատանեկան թիմը խաղերն անցկացնում է Կողբի եւ Հաղթանակի մարզադաշտերում: Վերակառուցման ձգձգման պատճառները տարբեր են՝ բյուջեից ,կտոր-կտորե ֆինանսավորումը, այն, որ տարածքի հետ կապված վեճ ու դատական գործընթացներ կային քաղաքապետարանի եւ մարզադաշտի հարեւանությամբ տարածք ունեցող նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատիրոջ միջեւ, նաեւ այլ պատճառներ… Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար ներդրվել է 165 միլիոն դրամ, սակայն կառուցապատման ծրագրով նստատեղերի շինարարություն նախատեսված չէր: Մինչդեռ ի՞նչ մարզադաշտ առանց հանդիսատեսի նստելատեղերի: Սա նման է առանց նվագի հարսանիքի: Հարկ էր ծրագիրը հաստատելուց, շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հանրային քննարկում կազմակերպել, արծարծել խնդրի հետ առնչվող բոլոր հանգամանքները: Ցանկացած շինարարություն, կառուցապատման ծրագիր վերջնարդյունք է ունենում, այս դեպքում նման վերջնարդյունք չկա: Սերժ Սարգսյանը խոսում է շինարարության ոլորտում “ատկատների” անթույլատրելիության, պետական բյուջեի փողերն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտության մասին: Այս դեպքում եւս հարկ կա ստուգելու՝ արդյոք 165 միլիոն դրամն արդյունավետ է օգտագործվել: Մանավանդ որ Ս. Սարգսյանն անմիջական կապ ունի այս ծրագրի հետ: 2006թ. այն ժամանակ վարչապետ Ս. Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել էր Նոյեմբերյան: Նրան Երեւան տեղափոխող ուղղաթիռը օդ բարձրացավ Նոյեմբերյանի մարզադաշտից: Մինչ այդ խաղադաշտում Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը Ս. Սարգսյանին խնդրեց աջակցել լուծելու քաղաքային մարզադաշտի վերակառուցման հարցը: Այդպես էլ կյանքի կոչվեց խաղադաշտի վերակառուցման ծրագիրը: Սակայն, ինչպես Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը կասեր, ցանկանում էին լավ, ստացվեց՝ ինչպես միշտ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ