ՀԱՐՑ. Գիտեմ, որ աշխարհի առաջին աստղադիտարանները եղել են ՀՀ-ում, օրինակ՝ Քարահունջի աստղադիտարանը: Իսկ ե՞րբ է ստեղծվել Բյուրականի աստղադիտարանը, ովքե՞ր են հիմնադիրները եւ ովքե՞ր են եղել առաջին աստղագետները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած սարի հարավային լանջին՝ Բյուրական գյուղում: Գտնվում է Երեւանից 40 կմ հյուսիս, ծովի մակերեւույթից 1405 մ բարձրության վրա: Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Նա եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը: Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը: Աստղադիտարանը պատկանում է Հայաստանի գիտությունների ակադեմիային եւ տնօրինվում նրա միջոցով: Համարվում է Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի կարեւորագույն աստղադիտարաններից մեկը: Այն կազմված է երկու մասից՝ ուսանողական ավանից եւ ֆունկցիոնալ մասից, որը նաեւ բաղկացած է դիտաշտարակներից, վարչական եւ լաբորատորիայի շենքերից, ժողովասրահից եւ հյուրերի տներից:
Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը եւ Կառլոս Գրիգորյանը:
Արթուր Կարապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 66 տարվա պատմություն եւ միջազգային համբավ ունեցող Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի միջոցները սուղ են, իսկ պետության կողմից տրամադրված գումարները չեն բավարարում անգամ շենքի պահպանման համար: