ՊԵԿ-ը ապօրինություններ է բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն օրերս ապօրինի գործունեության մի քանի դեպք է հայտնաբերել ստվերի դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունքում:
ՊԵԿ հետաքննիչների և օպերատիվ հետախույզների համատեղ ջանքերով բացահայտվել է, որ քաղաքացի Էմին Ղոչիկյանն իրեն պատկանող շինություններն ապօրինաբար օգտագործել է իբրև հանրակացարան: Ամիսներ շարունակ նա վարձակալության է տվել Երևանի Դավիթ Մալյան փողոցում գտնվող 2 շինությունների 25 ննջասենյակները` չվճարելով հարկեր:
Հայտնաբերվել է նաև, որ հարկման դաշտից դուրս է գործել “Էրզրում-97” ՍՊԸ-ն` Արշակունյաց փողոցում զբաղվելով ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքով և ավտոտեխսպասարկմամբ` ամբողջովին չներկայացնելով հարկվող շրջանառությունը: Ավելին, ընկերության տնօրենը գրեթե մեկ տարի Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող “Գալակտիկա” ռեստորանահյուրանոցային համալիրում ապօրինաբար զբաղվել է նաև հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության գործունեությամբ, որի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել հարկային տեսչություն:
Առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման հանրային ծառայություն է մատուցել նաև քաղաքացի Կարեն Ղարիբյանը: Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարևանությամբ գտնվող տարածքում Ղարիբյանն իրականացրել է հանգստի գոտու, հանրային սննդի կազմակերպում, մատուցել նաև այլ ծառայություններ:
Սնանկ ճանաչվելը չի խանգարել “Յուրշին” ընկերությանը շարունակել ընդերքի օգտագործումը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, բայց արդեն անօրինական ճանապարհով: 3 ամիս առաջ դատարանի կայացրած վճիռն անտեսելով` ՍՊԸ-ն շարունակել է ընդերքից սև տուֆ հանելու, մշակելու և իրացնելու գործունեությունը: Սակայն կարճ ժամանակում հաջողվել է բացահայտել պետության ընդերքի պաշարներն ապօրինաբար օգտագործողին:




Լրահոս