ԿԲԱՑԱՀԱՅՏԵ՞Ն
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել 2008թ. մարտի 1-ին կատարված սպանությունների դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախագիծը հեղինակել է ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել ու բացահայտել մարտի 1-ին կատարված սպանությունները, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ու գլխավոր դատախազության կազմակերպած միջոցառումների օրինականությունը:
Ի դեպ, այս նախագծի մասին Ջհանգիրյանը հայտարարել էր դեռ երկու շաբաթ առաջ: Սակայն նախագծի ուշ ներկայացնելը պայմանավորված է եղել խմբագրական որոշակի աշխատանքներով:
ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է մամուլում տարածված լուրն այն մասին, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարի 18-ին։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրության 51 հոդվածը սահմանում է. նախագահի ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Սերժ Սարգսյանն իր զբաղեցրած պաշտոնը ստանձնել է 2008-ի ապրիլի 9-ին, հետեւաբար նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին նախորդող 50-րդ օրը փետրվարի 18-ն է՝ երկուշաբթի։ ԿԸՀ-ն քվեարկության անցկացման ժամկետի մասին պաշտոնապես կհայտարարի ոչ ուշ, քան դեկտեմբերի 17-ին։
ԱԼԻԵՎԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջան ժամանելուն պես ներում կշնորհեր Ռամիլ Սաֆարովին, եթե անգամ ավելի վաղ իմանար, որ «հայերը եւ նրանց հովանավորները այսպիսի աղմուկ են բարձրացնելու»: «Ադրբեջանը վերադարձրեց իր սպային հայրենիք, եւ ամենակարեւոր խնդիրը դա է։ Ինչ էլ որ ասեն հայերն ու նրանց հովանավորները, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ես որեւէ նշանակություն չեմ տալիս այդ հայտարարություններին,-ասել է Ալիեւն ու հավելել,-Ադրբեջանի վրա այդ անհիմն հարձակումներից ոչ մեկն անպատասխան չի մնացել»։
ՐԱՖՖՈՒՆ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով եւ չի պաշտպանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս օրերին կուսակցության քաղխորհուրդը քննարկում է, թե ով պետք է առաջադրվի կուսակցությունից եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ
Մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե պատրաստ են իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ` ամենալավ ուղին չէ: Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի, իսկ արդյունքներից պետք է հետեւություն անեն բոլորը»: Հարությունյանը նաեւ կարծիք է հայտնել, թե Օսկանյանն ինքը չի գնա դրան, քանի որ քաղաքական գործիչ է եւ նպատակ ունի ապացուցել իր անմեղությունը:
ԴԻՄԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում` անփոփոխ թողնելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը: