Գրեթե մեկ տարի է՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Ինչպես միշտ, երեկ էլ դատավարությունը չսկսված ավարտվեց, քանի որ հայցվոր կողմը չէր ծանուցվել:
Այս գործում որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը եւ ներկայիս վարչության պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանը համառորեն դատարան չեն ներկայանում: Նրանց ուղարկված ծրարները հետ են վերադառնում. փոստատարները չեն գտնում նրանց:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից «Ժողովուրդ»-ը նամակ էր ստացել, թե ՀՀԿ-ական Կ. Կիրակոսյանը եւ Ա. Մարկոսյանն օրենքի խախտումներով գումարներ են վաստակել: Պահպանելով էթիկայի բոլոր կանոնները եւ ներկայացնելով երկու կողմերի տեսակետը՝ մենք նյութ էինք հրապարակել: Հաջորդ օրը խմբագրություն էր եկել ոմն Գուրգեն Աղաջանյան ու ասում էր, որ ինքը կապ չունի նամակի հետ, որից հետո դիմեց դատարան: Ծիծաղաշարժն այն է, որ «Ժողովուրդ»-ից չեն «վիրավորվել» ո՛չ Կ. Կիրակոսյանը, ո՛չ էլ Ա. Մարկոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրում է՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանին կամ հայցվոր կողմին տեսնողները դիմեն խմբագրություն:
ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ