Գյումրիում մի տականք ձեռք բարձրացրեց Հիպոկրատի երդումը տված բժշկի վրա. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում շարունակվում է քննարկվել պատգամավորներ Արա Բաբլոյանի և Մկրտիչ Մինասյանի ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նշվածի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը:

Նա նշեց, թե կարևորում է բժշկական շտեմարանների ստեղծումը, որը հնարավորություն կտա ձևավորել բժշկի իմիջը և օգտակար կլինի նաև լիազոր մարմնին: «Մենք հպարտությամբ պետք է խոսենք այս ոլորտի մասին: Մեր փոքրիկ երկիրը հպարտանալու տեղ ունի: Այս ոլորտում ջանք չխնայած պատկան մարմինների և բուժաշխատողների հետ է կապված դա և նրանց ներդրումն է», – նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, թե ատեստավորում իրականացնելն ավելի վերապատրաստված կդարձնի բժշկին, որը կարևոր է: Նա հայտնեց, թե ՕԵԿ-ը կողմ է` քվեարկելու այս նախագծին և հույս հայտնեց, թե լուծում կստանան նաև Շիրակի մարզում բարձրացված խնդիրները: Նա անդրադարձավ մի քանի հարցերի.

«Շիրակի մարզում աննախադեպ հիվանդանոց կառուցվեց, որը համապատասխան սարքավորումներով է հագեցած: Մի քանի տարի է` կիրառվում է ստենդավորում: Երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մեծ մասը տեղափոխվում է Երևան, իսկ ինֆարկտ ստացած հիվանդին յուրաքանչյուր րոպեն կարևոր է: Ի՞նչ անենք, որ չգան Երևան: Պետք է ցավով նշեմ Գյումրիի հետ կապված դեպքերը, երբ մի տականք ձեռք բարձրացրեց սպիտակ խալաթը հագին, Հիպոկրատի երդումն ընդունած բժշկի վրա: Այս դեպքերում սա ոչ միայն անընդունելի է, այլ դատապարտելի», – հավելեց նա:




Լրահոս