Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները 27 տարին լրանալուց հետո կարող են տուգանք մուծել և ազատվել քրեական հետապնդումից:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նշեց, թե նախագիծը հակաբանակային է: «Այս երկարացման նախագծով մենք նպաստում ենք, որպեսզի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները չվերադառնան մինչև 27 տարեկանը, սպասեն լրանա, այնուհետև վերադառնան, որոշակի գումար մուծելով` ազատվեն և նորից հեռանան Հայաստանից», – ընդգծեց նա:
Նրա խոսքով, սա նպաստում է, որ քաղաքացիները չծառայեն` մտածելով, թե կարող են տուգանք մուծել և ազատվել: «Ես կարող եմ ինչ-որ բաների վրա աչք փակել, բայց սա խայտառակություն է: Մենք թույլ չենք տալիս, որ մինչև 27 տարին լրացած մարդը ներկայանա թեկուզ համաներման: Հուսանք, որ գոնե ապագա համաներման դեպքում մենք մեր զինապարտ քաղաքացիներին թույլ կտանք, որ գան ու գնան ծառայության: Անհարմար է, որ մենք բանակում ծառայելու խնդիրը կապում ենք գումարի հետ», – հավելեց նա: