Մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը գրությամբ դիմել է Գետահովտի համայնքապետարան՝ խնդրելով Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի համար հողահատկացում կատարել:
Գետահովիտ համայնքի ավագանու անդամ Նորիկ Այդինյանը մեզ հայտնեց, որ թեեւ գրավոր չեն պատասխանել մարզպետի առաջարկին, սակայն իրենք դեմ են բնությանը մեծ վնաս պատճառած փոքր հէկ-ի շինարարությանը եւ հողահատկացում չեն կատարի: «Մարզպետը գիտի, որ ժողովուրդը հէկ-ի շինարարությանը դեմ է, սակայն մեզ փորձում է գցել կրակի մեջ»,-«Ժողովուրդ»-ին ասաց Այդինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երեւանում՝ ՀՀ բնապահպանության նախարարության շենքի առաջ, Գետահովտի բնակիչները եւ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք հանդիպում էին ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ, որը կառուցապատողին առաջարկել էր դադարեցնել հէկ-ի շինարարությունը եւ հանձնարարական էր տվել 10-օրյա ժամկետում ներկայացնել հէկ-ի հետ կապված եզրակացություն՝ գործում ներգրավելով բնապահպան ակտիվիստներին: Նշենք, որ սեպտեմբերի 14-ին «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի կառուցման շինթույլտվությունն ու հողահատկացումը կատարվել էր հարեւան՝ Ենոքավան համայնքի կողմից: Երբ պարզվել էր, որ շինարարության ազդեցությունը կրող համայնքը Գետահովիտն է, Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը չեղյալ էր համարել այդ թույլտվությունները: Չնայած դրան՝ Գետահովտի տարածքում 10 միավոր ծանր տեխնիկա է աշխատել` զգալի վնաս պատճառելով եզակի էկոհամակարգին:
«ՓՈՐՁՈՒՄ Է ԳՑԵԼ ԿՐԱԿԻ ՄԵՋ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ